Հայաստանը կարևորում է Քուվեյթի հետ փոխադարձ վստահության և հարգանքի վրա խարսխված հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

1734675217_1938121

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Քուվեյթի Պետության էմիր շեյխ Միշալ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահին և գահաժառանգ Շեյխ  Սաբահ Խալեդ Ալ-Համադ Ալ-Մուբարաք Ալ  Սաբահին՝ Ազգային տոների առթիվ։

Քուվեյթի Պետության էմիրին ուղղված ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ՝ Քուվեյթի Պետության Ազգային տոների կապակցությամբ:

Հայաստանը մեծապես կարևորում է Քուվեյթի հետ փոխադարձ վստահության և հարգանքի վրա խարսխված հարաբերությունները և պատրաստակամ է ընդլայնելու Հայաստան-Քուվեյթ օրակարգն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում` ի շահ մեր երկու երկրների և ժողովուրդների։ 

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ քուվեյթցի բարեկամ ժողովրդին՝ հարատև կայունություն և բարօրություն»:

Քուվեյթի Պետության գահաժառանգին  ուղղված ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ՝ Քուվեյթի Պետության Ազգային տոների առթիվ: 

Հայաստանը մեծապես կարևորում է Քուվեյթի հետ բարեկամական կապերի ու փոխշահավետ համագործակցության հետևողական ընդլայնմանն ու խորացմանն ուղղված երկուստեք պատրաստակամությունը։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կհաջողվի կյանքի կոչել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում ձեռք բերված պայմանավոր­վածու­թյունները և մոտ ապագայում նոր թափ հաղորդել Հայաստան-Քուվեյթ բարեկա­մական հարաբերություններին:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ քուվեյթցի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։

--00—ՅՄ