Միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

.

ՀՀ քաղաքացիներին թմրամիջոցների և հոգեմետ նյութերի կործանարար ազդեցությունից զերծ պահելու, ինչպես նաև դրանց ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպքերը կանխելու ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է սկզբունքային պայքարը:

Օրերս «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում մաքսային հսկողություն է իրականացվել ԱՄՆ-ից «Տրանս Շիփփինգ» ՍՊ ընկերության միջոցով ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանիների նկատմամբ, որի ընթացքում Մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոն-բաժնի հատուկ վարժեցված շունը Ա․Գ․-ի անվամբ  ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանու նկատմամբ դրսևորել է թմրամիջոցի հայտնաբերման վարքագիծ: ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի, արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության  վարչությունների  աշխատակիցները,  ԱԱԾ աշխատակիցների հետ միասին,  մաքսային զննության արդյունքում, բացի սպորտային հագուստից և կոշիկներից՝ առաքանիում հայտնաբերել են  արծաթագույն կպչուն ժապավենով փաթեթավորված «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ 2 փաթեթ, որոնց քաշը կազմել է  920 գրամ: 

ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ  ձեռնարկել են «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» ու «Վերահսկելի մատակարարում և գնում»  անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումները: Արդյունքում, Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան փողոցից թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու անմիջական ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ քաղաքացի Ա․Գ-ն: Վերջինս ներկայացվել է Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում քաղաքացին ձերբակալվել է։

Քրեական վարույթի շրջանակում վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան, և համապատասխան որոշումների հիման վրա ձերբակալված անձի բնակության հասցեում կատարվել են խուզարկություններ։

Վարույթն իրականանացնող մարմնի միջնորդության հիման վրա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, քրեական վարույթով, մեղադրյալը կալանավորվել է։ 

--00--ԱՀ