ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունները Սիրիայի վերաբերյալ հստակ ցույց են տալիս, որ նա տարածաշրջանում խաղաղության կողմնակից չէ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ֆիդանն այս մասին հայտարարել է Անկարայում իր վրացի գործընկեր Մակա Բոչորիշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Նա ընդգծել է, որ Իսրայելը պետք է վերջ դնի տարածաշրջանային էքսպանսիոնիզմի քաղաքականությանը, որը վարում է իր անվտանգությունն ապահովելու պատրվակով։
Թուրքիայի ԱԳ նախարարը նաև նշել է, որ «Թուրքիան ուժեղ և առանցքային երկիր է տարածաշրջանում, որն, անշուշտ, կարևոր դեր կխաղա խաղաղության ապահովման և հրադադարի պահպանման գործում»։
--00—ՅՄ