ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
Ոլորտում մանդատ ունեցող բոլոր դերակատարները պետք է շուտափույթ և պատշաճ քայլեր ձեռնարկեն խնդրի հասցեավորման ուղղությամբ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցի Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից՝ անդրադառնալով Ադրբեջանում ազատությունից ապօրինի զրկված հայերի նկատմամբ իրականացվող գործընթացներին, մասնավորապես՝ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի վատթարացմանն ու խոշտանգմանը:
«Սոցիալական մեդիայի մշտադիտարկումների արդյունքում մտահոգիչ տեղեկություններ են ստացվել Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի վատթարացման և խոշտանգման մասին:
Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս է խոսել Ադրբեջանում ազատությունից ապօրինի զրկված հայերի նկատմամբ իրականացվող գործընթացների ոչ թե պարզապես խնդրահարույց լինելու, այլ մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքների ու արժեքների, միջազգային իրավական չափանիշների կոպտագույն խախտումներով իրականացվելու մասին:
Իրավիճակի հետ կապված՝ Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակազմում իրականացվել են և շարունակվում են իրականացվել համապատասխան քայլեր ՄԻՊ լիազորությունների շրջանակներում»,- հայտնեցին ՄԻՊ-ի գրասենյակից՝ ընդգծելով, որ հաշվի առնելով հարցի զգայունությունը և Պաշտպանի աշխատակազմի՝ «չվնասելու սկզբունքով» աշխատելու կարևորությունը՝ վերոնշյալ գործընթացների վերաբերյալ այլ մանրամասները հրապարակայնորեն ներկայացնելն այս պահին նպատակահարմար չեն համարում։
Պաշտպանն իր մանդատի ներքո շարունակում է հասցեագրել այս բոլոր խնդիրները մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող դերակատարներին:
«Ընդգծում ենք, որ ոլորտում մանդատ ունեցող բոլոր դերակատարները պետք է շուտափույթ և պատշաճ քայլեր ձեռնարկեն խնդրի հասցեավորման ուղղությամբ»,- եզրափակեցին ՄԻՊ գրասենյակից:
--00--ԱՀ