ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News
Գրենլանդիայի վարչապետ Մյութե Բուրուպ Էգեդեն հայտարարել է, որ Գրենլանդիան իրենցն է, և այն չեն կարող վերցնել կամ գնել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում։
«Գրենլանդիան մերն է։ Մենք չենք ցանկանում լինել ո՛չ ամերիկացիներ, ո՛չ դանիացիներ, մենք գրենլանդացիներ ենք: Ամերիկացիները և նրանց ղեկավարը պետք է հասկանան դա։ Մենք չենք վաճառվում, և մեզ չի կարելի հենց այդպես վերցնել։ Մեր ապագան կորոշվի մեր կողմից՝ Գրենլանդիայում», - գրել է նա։
Վարչապետի գրառմանը նախորդել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կոնգրեսում ունեցած ելույթը, որի ընթացքում նա նշել էր, որ Միացյալ Նահանգները Գրենլանդիան կընդունի իր կազմ, եթե նրա ժողովուրդը նման ցանկություն հայտնի:
Գրենլանդիան օգտակար հանածոներով հարուստ կղզի է, որը Դանիայի կիսաինքնավար տարածքն է։
Թրամփն ավելի վաղ առաջարկել էր, որ Դանիան հօգուտ ԱՄՆ-ի հրաժարվի Գրենլանդիայից: Նրա կարծիքով՝ դա անհրաժեշտ է ամերիկյան ազգային շահերը պաշտպանելու համար։ Նա հրապարակայնորեն չէր բացառել նաև կղզին ամերիկյան վերահսկողության տակ վերցնելու համար ռազմական ուժ կիրառելու հնարավորությունը։
--00—ՅՄ