Հեղուկ գազի շուկայում անհասկանալի իրավիճակ է․ մի բնակավայրում 90 դրամ է, մեկ այլ տեղում՝ 190 դրամ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News 

11

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Անհասկանալի իրավիճակ է հեղուկ գազի շուկայում․ մի բնակավայրում 90 դրամ է, մեկ այլ տեղում՝ 190 դրամ։

Մայրաքաղաքում էլ հեղուկ գազի արժեքը 1 ամսվա ընթացքում 120-ից դարձել է 190 դրամ։

Այդպես էլ հասկանալի չէ՝ ինչու՞ է վերջին տարիներին հեղուկ գազի արժեքն այսքան տատանվում։ Դեմպի՞նգն է պատճառը, ներմուծման արժեքի տատանումնե՞րը, որոշ տնտեսվորողների կողմից կամայական արժեքի սահմանու՞մը։ Այս հարցերի պատասխանը պարտավոր է տալ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։

Խնդիրն առկա է ամիսներ շարունակ, այս մասին բարձրաձայնել ենք բազմիցս։ Այսօր էլ կապ հաստատեցինք ՄՊՀ-ի հետ՝ հասկանալու արժեքի տատանման պատճառները։

Մեզ հայտնեցին, որ հեղուկ գազի շուկան խիստ մրցակցային է, ներմուծումներ է իրականացնում շուրջ 80 տնտեսվարող սուբյեկտ, և քանի որ շուկայում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ, իրենք խնդրին միջամտելու իրավունք չունեն։ Իսկ ինչ վերաբերում է որոշ գազալցակայանների կողմից շուկայականից ցածր արժեքի սահմանմանը, դա կարող է լինել մարքեթինգային քայլ՝ տվյալ ժամանակահատվածում ավելի շատ սպառողներ ունենալու նպատակով։

Այդուհանդերձ, կարծում եմ, որ ՄՊՀ-ն պարտավոր է իրականացնել ուսումնասիրություն՝ ներկայացնելով այն պատճառները, որոնք նման իրավիճակի են հանգեցրել։

Աբսուրդ է, որ 30 կմ անցնելուց հետո ականատես ես լինում հեղուկ գազի գնի այսպիսի ակնառու և անտրամաբանական տարբերության։

Ստացվում է, որ պատկան մարմինների անտարբերության և անգործության հետևանքով տուժում է կրկին ՀՀ քաղաքացին՝ չիմանալով ինչպես դիմակայել հերթական թանկացման պայմաններում»։

 

 

--00—ԱՊ