ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան հայտարարել է, որ որևէ կողմի թույլ չի տա խախտել իր երկրի ազգային միասնությունը կամ խաթարել քաղաքացիական խաղաղությունը։ Նա խոստացել է պատասխանատվության ենթարկել «բոլորին, ովքեր թաթախված են խաղաղ քաղաքացիների արյան մեջ»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիրիայում վերջին զարգացումների շուրջ աշ-Շարաայի ելույթից հատվածներ է մեջբերել SANA գործակալությունը։
«Սիրիան կմնա անդրդվելի, և մենք թույլ չենք տա, որ արտաքին ուժեր կամ տեղացի խմբեր ներքաշեն նրան քաոսի կամ քաղաքացիական պատերազմի մեջ», - հայտարարել է նա:
Աշ-Շարաայի հրամանով ստեղծվել է «Քաղաքացիական խաղաղության պահպանման բարձրագույն կոմիտե»՝ հետաքննելու և բացահայտելու սիրիական ծովափնյա շրջաններում տեղի ունեցած իրադարձությունները։
Սիրիայի անցումային կառավարության պաշտպանության նախարարությունը, ընդհանուր անվտանգության ուժերի հետ համատեղ, մարտի 6-ից լայնածավալ ռազմական արշավ է սկսել զինված խմբավորումների դեմ, որոնք, ըստ նրանց, կապված են սիրիական նախկին իշխանությունների հետ:
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հայտնել է, որ մարտի 6-ից ի վեր զոհվել է 1311 մարդ, այդ թվում՝ անվտանգության ուժերի և պաշտպանության նախարարության 231 անդամ, նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի 250 կողմնակից և 830 խաղաղ բնակիչ։
Մի շարք երկրներ, այդ թվում Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և ՄԱԿ-ը կոչ են արել անկախ և թափանցիկ հետաքննություն անցկացնել՝ բացահայտելու տեղի ունեցած հանցագործությունները։
Որոշ արաբ վերլուծաբանների կարծիքով՝ Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հայտարարություններն ավելի հավասարակշռված էին նախորդ դիրքորոշումների համեմատ։ Ըստ նրանց՝ Սիրիայի իշխանությունները փորձում են իրենց ներկայացնել որպես կայունության ուժ, բայց անվտանգության ուժերի «շարունակական բռնի գործողությունները» խոչընդոտում են դրան։ Վերլուծաբանների պնդմամբ՝ կա հստակ անջրպետ պաշտոնական հայտարարությունների և փաստացի գործողությունների միջև, և «այս բացը դժվարացնում է իրական վստահության ձևավորումը»:
--00--ԱՀ