ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը կոչ է անում անհապաղ միջազգային գործողություններ ձեռնարկել Բաքվում ապօրինի և շինծու մեղադրանքներով անազատության մեջ պահվող հայերին ազատելու համար՝ զգուշացնելով, որ անգործությունը կխրախուսի հետագա բռնաճնշումները և մարդու իրավունքների խախտումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ընդունած հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ բոլոր հայ գերիների անվերապահ ազատ արձակումն ապահովելու համար անհրաժեշտ է անհապաղ և վճռական գործողություններ իրականացնել։
«Մենք՝ Շվեդիայի Ռիկսդագում (խմբ․ Շվեդիայի խորհրդարան) Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի ներքոստորագրյալ անդամներս, վճռականորեն դատապարտում ենք Ադրբեջանի կառավարության կողմից մարդու իրավունքների կոպիտ և համակարգված խախտումները։ Հայ բանտարկյալների, այդ թվում՝ քաղաքական գործիչների և քաղաքացիական անձանց նկատմամբ ապօրինի բանտարկությունը, ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումները և քաղաքական հետապնդումները ներկայացնում են ոչ միայն հումանիտար ճգնաժամ, այլև միջազգային իրավունքի ակնհայտ խախտում։ Անհիմն մեղադրանքներով անձանց կամայական կալանավորումը, որն օգտագործվում է որպես քաղաքական բռնաճնշումների գործիք, ուղղակի հարձակում է մարդու հիմնարար իրավունքների վրա»,-նշված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ հայ խաղաղ բնակիչների և ռազմագերիների (գերիների) շարունակվող բանտարկությունը Ժնևի կոնվենցիաների և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի բացահայտ խախտում է։
«Այս գործողությունները, որոնք իրականացվել են և մնացել են անպատիժ, պետության կողմից արտոնված խոշտանգումներ և բռնի անհետացումներ են, որոնք նպատակ ունեն լռեցնել քաղաքական այլախոհությունը և վախ սերմանել»,-ասված է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ շեշտվում է, որ անկախ իրավապաշտպան կազմակերպությունները և իրավական փորձագետները փաստագրել են այս կալանավորների նկատմամբ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքը:
«Նրանք (խմբ․ Բաքվի բանտում պահվող անձինք), ենթարկվելով դաժան խոշտանգումների, զրկված լինելով փաստաբաններից, ստիպված են եղել դիմանալ կեղծ դատավարություններին, նրանք դարձել են վայրագությունների զոհ։ Սա վնասում է Ադրբեջանի միջազգային հեղինակությանը և վտանգավոր նախադեպ է ստեղծում ավտորիտար ռեժիմների համար ամբողջ աշխարհում»,-ասված է հայտարարության մեջ:
Բարեկամական խմբի հայտարարությունը նաև շեշտել է, որ այս խախտումներն առանձին միջադեպեր չեն, այլ դիտավորյալ հանցագործություններ, որոնք խարխլում են մարդու իրավունքների և միջազգային իրավունքի հիմքերը:
«Ադրբեջանի կողմից քաղբանտարկյալներին շարունակաբար որպես լծակ օգտագործելը և նրանց նկատմամբ համակարգված վատ վերաբերմունքը ռազմավարություն է՝ ապակայունացնելու տարածաշրջանային խաղաղությունն ու արդարությունը»,-ընդգծված է խմբի հայտարարության մեջ:
Հայտարարության ներքո ստորագրած պատգամավորները նաև ընդգծել են, որ միջազգային ուժեղ արձագանքի բացակայությունը միայն քաջալերում է հետագա չարաշահումները և բռնաճնշումները:
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ նման կոպիտ խախտումների դեմ միջազգային հանրության անգործությունը հավասարազոր է մեղսակցության՝ ավտորիտարիզմի ծաղկմանը և ճգնաժամի խորացմանը:
«Սա միայն դիվանագիտության խնդիր չէ, դա բարոյական և իրավական պարտավորություն է։ Միջազգային հանրությունը չի կարող ձեռքերը ծալած նստել, քանի դեռ նման դաժան անարդարությունները շարունակվում են։ Այս գործողությունները ոչ միայն հարձակում են մարդու արժանապատվության վրա, այլ նաև ուղղակի մարտահրավեր են այն սկզբունքներին, որոնք պաշտպանում են համաշխարհային կայունությունը, արդարությունը և հիմնարար իրավունքները»,-ասված է բարեկամական խմբի հայտարարության մեջ, որում նաև շեշտված է, որ աշխարհը հետևում է, և այս ճգնաժամի արձագանքը կսահմանի արդարության և մարդու իրավունքների հանդեպ հավատարմությունը:
--00--ԱՀ