ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
Փաստաբան Բենիկ Գալստյանը գրում է. «Այսօր ՀՀ Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազի կողմից կատարված մի շարք հայտարարությունների մասով հարկ եմ համարում անել մի քանի արձանագրում.
Նախևառաջ պետք է հստակ ֆիքսել, որ 2018 թվականին հարուցված և 2022 թվականից դատարանում քննվող քրեական գործով թե նախաքննության և թե դատաքննության ընթացքում պարոն Մարգարյանը երբեք չի ընդունել իրեն ներկայացված մեղադրանքը, հստակ նշել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում այն պարզ պատճառաբանությամբ, որ երբևէ որևէ հակաօրինական, առավել ևս հանցավոր արարք չի կատարել։
Ինչ վերաբերվում է դատարանում քննվող գործի շրջանակներում վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով Տ. Մարգարյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելուն, ապա այդ կապակցությամբ պարոն Մարգարյանը երբևէ չի ընդունել առաջադրված մեղադրանքը, այլ նշել է, որ չի առարկում, որ քրեական հետապնդումը դադարեցվի կատարված ենթադրյալ հանցավոր արարքի համար քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով՝ կրկին շեշտելով, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, քանի որ երբևէ որևէ հանցավոր արարք չի կատարել։
Հետևաբար, գլխավոր դատախազի պնդումն առ այն, որ Տարոն Մարգարյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ վերջինիս կողմից դիրքորոշում չի հայտնվել, իրականությանը չի համապատասխանում։
Վերը նշված հանգամանքը դժվար չէ ստուգել. դատաքննությունը եղել է հրապարակային, իսկ դատական նիստի ընթացքը ոչ միայն արձանագրվել է թղթային եղանակով, այլև ձայնագրվել։
Շարունակելի…»։
--00—ՅՄ