Իրանն իրեն իրավունք է վերապահում պատասխանելու ԱՄՆ-ի կամ Իսրայելի ագրեսիային

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

.

Թեհրանն իրեն իրավունք է վերապահում արագ և կոշտ պատասխան տալու Իրանի դեմ ԱՄՆ-ի կամ Իսրայելի ցանկացած ագրեսիայի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին հայտարարաել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին մարտի 31-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հղած նամակում։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը հավատարիմ է մնում տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և անվտանգությանը և չի ձգտում էսկալացման: Սակայն մենք վճռականորեն նախազգուշացնում ենք ցանկացած ռազմական արկածախնդրության դեմ և մեզ իրավունք ենք վերապահում արագ և կոշտ պատասխան տալու ԱՄՆ-ի կամ նրա միջնորդի՝ Իսրայելի վարչակարգի ցանկացած ագրեսիային մեր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության կամ ազգային շահերի դեմ: ԱՄՆ-ն լիակատար պատասխանատվություն է կրում ցանկացած թշնամական գործողության հետևանքների համար», - նամակից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը նաև Անվտանգության խորհրդին կոչ է արել դատապարտել Թեհրանի հասցեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները՝ որպես միջազգային իրավունքի խախտում:

Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկու շաբաթից պատրաստվում է Թեհրանի նկատմամբ սահմանել երկրորդային մաքսատուրքեր, եթե ոչ մի առաջընթաց ձեռք չբերվի իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում։ Նա սպառնացել է, որ համաձայնագրի կնքումից հրաժարվելու դեպքում Իրանին սպասում են ռմբակոծություններ։

Իր հերթին Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, պատասխանելով Թրամփի սպառնալիքներին, հայտարարել է, որ չի հավատում ԱՄՆ ռազմական միջամտության հնարավորությանը։ Բայց, նրա խոսքով, եթե Վաշինգտոնը փորձի խռովություն հրահրել իսլամական հանրապետությունում, ապա կոշտ պատասխան կստանա։


--00--ԱՀ