Փաշինյանի կառավարությունն այս պահին Երևանում Բաքվի և Անկարայի համար ամենաձեռնտու իշխանությունն է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

Screenshot_2

Ես, իհարկե, չեմ կարող վստահել Հայաստանի կառավարությանը՝ որպես Ռուսաստանի Դաշնության հետևողական դաշնակցի։ Հայաստանն ինքը՝ Փաշինյանի գլխավորությամբ, այս ընթացքում արդեն բավականաչափ ժեստեր է արել, որպեսզի մեր մոտ կասկածներն առաջանան, որ նա թշնամիների ճամբարում նոր ընկերներ է փնտրում։ Այս մասին Rusarminfo-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։

«Կոնկրետ այս պահին Փաշինյանի իշխանությունը շահագրգռված է մաքսիմալ նմանակելու և մանևրելու մեջ։ Նրանք մի կողմից ԱԺ-ով առաջ են քաշում Եվրամիությանն անդամակցության մեկնարկի մասին օրենքը, մյուս կողմից՝ ժեստեր, ուշադրությունը շեղող մանևրներ, ինչպես Շվիդկոյի ընդունելությունը կամ Հաղթանակի 80-ամյակի Մոսկվա կատարելիք այցը։ Այս ամենն արվում է, քանի որ Արևմուտքի կույր աջակցության և Ռուսաստանից հեռանալու վրա կատարած խաղադրույքը, ըստ էության, բարդացել է։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հարաբերություններին Ադրբեջանի հետ, այո, Ռուսաստանը զարգացնում է հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Հայաստանին սա դժվար թե դուր գա, բայց այդպես է։ Բայց այդ հարաբերությունները զարգանում են ոչ միայն Ռուսաստանում, զարգանում են նաև Փաշինյանի կառավարությունում, որն, ինձ թվում է, Բաքվին այս պահին ամենաշատը ձեռնտու Երևանի իշխանությունն է։ Եվ ոչ միայն Բաքվում, Անկարայում նույնպես։

Ռուսաստանը վերջին տարիներին միշտ չէ, որ Կովկասում այնքան վճռական է վարվել, ինչպես մենք սովոր ենք տեսնել նախորդ դեպքերում։ Ադրբեջանը տարածաշրջանում Թուրքիայի գլխավոր դաշնակիցն է։ Նա չի թաքցնում այդ փաստը Թուրքիայի հետ հարաբերություններում, բայց միշտ փորձում է ինչ-որ կերպ մթագնել դա Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Այսինքն՝ նա իրեն պահում է երկդիմի, ոչ միանշանակ»,- ասել է Զատուլինը։

«Մենք շահագրգռված չենք, որ Հայաստանը թույլ լինի, որ չկարողանա պաշտպանվել։ Եվ սա է մեր բազան այնտեղ պահելու պատճառը, որն այս առումով պետք է օգնի Հայաստանին։ Մենք բացարձակապես, իմ կարծիքով, անկախ նրանից, թե ինչպիսի իշխանություն է Հայաստանում, շահագրգռված ենք, որ Հայաստանը ուժեղ պետություն լինի»,- ասել է նա։

--00—ՅՄ