ՔԿՀ-ներում մարդու իրավունքների կոպտագույն խախտումները շարունակվում են, նախարարը անձամբ պիտի գնար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

489612842_978534784473291_112453377303943975_n

ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․

«Ապրիլի 3-ին տեղեկություններ ստացանք, որ Նուբարաշեն ՔԿՀ-ում տեղի է ունեցել ցմահ դատապարտյալների խոշտանգում։ Ըստ այդմ՝ դիմակավորված անձինք դատարապարտյալներին գցել էին հատակին և դաժան ծեծի ենթարկել։

Այս մասին ահազանգել էին դատապարտյալների հարազատները իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանին։ Տեղեկացվել էր նաև ՀՀ ՄԻՊ-ը և արագ արձագանքման խումբ ուղարկել ՔԿՀ։

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը սա մեկնաբանեց որպես անօրինական գործողությունների դեմ իրականացված միջոցառում։ Վերջինս հայտնել էր, որ դատապարտյալները այրել էին ներքնակներ, այնինչ, ազատությունից զրկված անձինք պնդում են, որ այրվել են ոչ թե խցերի ներքնակները, այլ ընդամենը մեկ սրբիչ:

Ըստ ՄԻՊ-ի՝ ցմահ դատապարտյալները առանձնազրույցներում տեղեկություններ են փոխանցել անհամաչափ ֆիզիկական ուժի, խցերի գույքը վնասելու, իրենց նկատմամբ հայհոյանքներ հնչեցնելու մասին։ 

Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից արձանագրվել են նաև ազատությունից զրկված անձանց մարմնական վնասվածքները: 

Ստացվում է, որ պատկան մարմինները համապատասխան գործողություններ իրականացնելու փոխարեն կոծկում են տեղի ունեցածը՝ չպատժելով իրենց իրավունքները վերազանցած անձանց։

Արդարադատության նախարարը պարտավոր էր անձամբ մեկնել ՔԿՀ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին։ 

Ինքս գործընկերներիս հետ պարբերաբար այցելում եմ քրեակատարողական հիմնարկներ, զրուցում ազատությունից զրկված անձանց հետ։ 

Ամիսներ շարունակ հորդորում եմ պատկան մարմիններին, որպեսզի ձեռնարկեն քայլեր իմ արձանագրած խնդիրները լուծելու ուղղությամբ։ Դրա փոխարեն՝ սպառնում են ինձ քրեական օրենսգրքով։ 

Ցավոք, չնայած մեր բազմաթիվ հրապարակումներին և արձանագրումներին, ՔԿՀ-ներում մարդու իրավունքների կոպտագույն խախտումները շարունակվում են։

Ազատությունից զրկված անձանց խնդիրները մշտապես իմ խոշորացույցի տակ են։ Դատապարտյալները չպետք է արժանանան այսպիսի վերաբերմունքի․ նրանք էլ մեր հանրության մի մասն են»։

--00—ՅՄ