Շամիրամ գյուղի սգո սրահում 4 անձի սպանության համար Թելման Քալաշյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

.

Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից սգո սրահում չորս անձի սպանության համար Թելման Քալաշյանը դեպքից ութ տարի անց դատապարտվեց ցմահ ազատազրկման։ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Սուրեն Մնոյանի նախագահությամբ, հրապարակել է դատավճիռը՝ մեղավոր ճանաչելով Թելման Քալաշյանին և դատապարտելով ցմահ ազատազրկման։ Այս մասին 24News-ը տեղեկացավ փաստաբան Լուսինե Սահակյանից։

Նշենք, որ մեղադրյալ Թելման Քալաշյանն այս ութ տարիների ընթացքում այդպես էլ չի զղջացել կատարվածի համար, ավելին՝ առ այս պահը պարբերաբար բարձրաձայնում է գումարային պահանջների մասին։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Թելման Քալաշյանը 2017-ի օգոստոսի 1-ին Շամիրամ համայնքի գերեզմանատանը կից սգո սրահում ապօրինի ձեռք բերված հրազենով սպանել է 4 մարդու, ևս 7-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դեպքից հետո Թելման Քալաշյանը դիմել է փախուստի, որի ընթացքում կրակոցներ է արձակել նաև իր փախուստը կանխելու և բռնելու նպատակով իրեն հետապնդող քաղաքացու նկատմամբ, ով ականատես էր եղել սգո սրահում կատարված ողբերգությանը։ Այդպիսով՝ Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 1-ին մասով։
 
Մերի Մանուկյան
 
--00--ԱՀ