ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է Մարտունու բժշկական կենտրոն (ԲԿ)` մասնակցելու հեմոդիալիզի բաժանմունքի բացմանը:
Հեմոդիալիզի բաժանմունքի շնորհիվ պացիենտներն այլևս տիպված չեն ուղևորվի այլ քաղաք, այլ կարող են բուժվել հենց տեղում: Բաժանմունքում արդեն դիալիզ են ստանում 25 պացիենտ, այն նախատեսված է 30-ի համար:
«Հավատարիմ մնալով մեր խոստմանը` Մարտունու բժշկական կենտրոնում հեմոդիալիզի բաժանմունք բացվեց: Նոր կենտրոնում նախատեսվող սարքերը, առայժմ տեղադրվել են հնում», - ասել է Արսեն Թորոսյանը:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է Մարտունու ԲԿ-ում, ծանոթացել պայմաններին ու ծառայություններին, Մասնավորապես` Արսեն Թորոսյանը եղել է կենտրոնի լաբորատորիայում, վերակենդանացման բաժանմուքում և հիվանդասենյակներում, հեմոդիալիզի բաժանմունքում:
Առաջիկայում նախատեսվում է Մարտունիում նոր բժշկական կենտրոն կառուցել, որի նախագիծը ներկայացվել է ոլորտի պատասխանատուներին:
«Մենք քաղաքականություն ենք որդեգրել, որ Հայաստանում բոլոր նոր հիվանդանոցները պետք է մոդուլային տեսակով կառուցվեն. առաջինն անում ենք Մարտունիում: Տարածաշրջանը, լինելով շատ խիտ բնակեցված, անհրաժեշտություն ունի բարձրորակ բժշկական ծառայությունների» - ասել է նախարարը:
Այնուհետև, Արսեն Թորոսյանն այցելել է ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարիատ: Նախարարը նորակոչիկներին մաղթել է հայկական բանակում բարի ծառայություն, ուժ և տոկունություն: