ՀՀ-ում արգելվել է «Пеноксал® forte» և «PEN BG» կենսաբանական ակտիվ հավելումների իրացումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

դեղ

Հայաստանում արգելվել է «Пеноксал® forte» և «PEN BG» կենսաբանական ակտիվ հավելումների իրացումը։ Պարզվել է՝ դրանք չեն ենթարկվել համապատասխանության գնահատման, ինչպես նաև՝ որ Եվրասիական տնտեսական միության տարածքում պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում նման արտադրանքների վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները, կենսաբանական ակտիվ հավելումների շուկայում իրականացվող վերահսկողության շրջանակներում, դիտարկումներ են անցկացրել ԿԱՀ-եր ներմուծող «Մեդ Ալյանս» և «Մեդ-Պրոգրես» ՍՊ ընկերություններում՝ «Пеноксал® forte» և «PEN BG» կենսաբանական ակտիվ հավելումների նկատմամբ:

Դիտարկման ընթացքում պարզվել է, որ «Пеноксал® forte» և «PEN BG»  ԿԱՀ-երը, չեն ենթարկվել համապատասխանության գնահատման, ինչպես նաև՝ որ Եվրասիական տնտեսական միության տարածքում պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում նման արտադրանքների վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում է: «Пеноксал® forte»-ն և «PEN BG»-ն,  սակայն, Հայաստանում վաճառվել են  որպես կենսաբանական ակտիվ հավելումներ:

«Մեդ Ալյանս» և «Մեդ-Պրոգրես» ՍՊ ընկերություններին տրվել են կարգադրագրեր արտադրանքի իրացումը արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին:

Վերահսկողության ընթացքում պարզվել է նաև, որ «Пеноксал® forte»-ն իրացվում է նաև «Ֆոլիո Թրեյդ» ՍՊԸ-ի կողմից:

Հետագծելիության ապահովման նպատակով՝ այդ կազմակերպությանը  ևս տրվել է «Пеноксал® forte» ԿԱՀ-ի իրացումը արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր:

Սահմանվել է ժամկետ: