Նոր Խարբերդում մեքենան չզիջելու պատճառով դանակահարել են 21-ամյա բնակչին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Փետրվարի 6-ին՝ ժամը 21։00-ի սահմանում, բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել Աբովյան քաղաքի 21-ամյա մի բնակիչ:



Հիվանդանոցում տուժողը հայտնել էր, որ Այնթապ գյուղում վիճաբանության ժամանակ անծանոթ երիտասարդ է իրեն դանակահարել:



Բժշկական կենտրոնում համապատասխան արձանագրություններ կազմելուց հետո քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին, որոնց արդյունքում պարզվեց, որ դեպքը ոչ թե Այնթապ, այլ Նոր Խարբերդ գյուղում է կատարվել:



Ձեռք բերված տեղեկությունների համաձայն` ժամը 19։00-ի սահմանում գյուղի 31-րդ փողոցի տներից մեկի դիմաց, մեքենա վարելիս մեկը մյուսին չզիջելու պատճառով ծագած վեճի ժամանակ, տուժողին դանակահարել էր նույն գյուղի 22-ամյա մի բնակիչ:



Փետրվարի 7-ին, ժամը 10.30-ի սահմաններում, կասկածվողը Նոր Խարբերդ գյուղից բերման ենթարկվեց ոստիկանության Մասիսի բաժին:



Նա տվել է խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են:

Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: