Նազարբաևի՝ Մեք Բրիտանիայից ապաստան խնդրած թոռն իր ընտանիքին «ագահ և անկուշտ» է անվանել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

նազարբաևա

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռը` Այսուլթան Նազարբաևը, Facebook-յան էջում գրել է, որ քաղաքական ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայից, ապա նաև հայտարարել, որ վերջին 5 տարիների ընթացքում իր կյանքը պատված է մոխրագույն գծերով, և որ ժամանակն է՝ մարդիկ իմանան` ինչ է իրականում տեղի ունեցել։

Նազարբաև թոռը վստահեցնում է, որ տիրապետում է ռուսական ու ղազախական իշխանությունների միջև կոռուպցիայի մասին կարևոր տեղեկատվության: Իր ընտանիքին նա անվանում է «ագահ և անկուշտ», և դա առաջին հերթին վերաբերում է մորը` Դարիգա Նազարբաևային, Ղազախստանի Մաժիլիսի ղեկավար:

Ղազախստանի նախկին նախագահի 30-ամյա թոռը հայտարարել է, որ ամեն ինչ սկսվել է Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայում իր ղեկավար պաշտոն զբաղեցնելուց: Այդ ժամանակ Դարիգա Նազարբաևան և նրա ամուսին Կայրաթ Շարիպբաևը սկսել էին ինտրիգներ հրահրել Այսուլթանի նախկին աներ Կայրաթ Բորանբաևի դեմ` ներգրավելով դրանում առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին: Պատճառը Ղազախստանի պայմանագիրն էր Ռուսաստանի հետ, որով Ղազախստանը նավթ էր վաճառում ռուսական ընկերությանը:  Այսուլթանի մայրը փորձել է խլել պայմանագիրը, սակայն երիտասարդն աներոջն է պաշտպանել:

Դրանից հետո կոնֆլիկտը նոր զարգացում է ստացել: Նուրսուլթան Նազարբաևն Այսուլթանին իր մոտ է կանչել և խիստ զրույց է ունեցել: Դրանից հետո թոռը հիասթափվել է իր պապից։

Նազարբաևի թոռը նաև հայտարարել է, որ եթե ժողովուրդը միավորվի պետության դեմ, կարող է պետությունը «ոտքից գլուխ» շրջել, և այդ ժամանակ «նոր սկիզբ» կլինի: 

Այսուլթան Նազարբաևն արդեն մի քանի տարի է` ապրում է Մեծ Բրիտանիայում: 2019-ին նա կծել էր ոստիկանին, որը փորձել էր խանգարել նրան ինքնասպանություն գործել: Նա այդ արարքի համար դատապարտվել էր 1 տարվա պայմանական ազատազրկման, 140 ժամ հասարակական աշխատանքի, տուգանքի և վնասի փոխհատուցման։ Նրան ստիպել էին նաև բուժում անցնել թմրանյութերի կախվածությունից` այցելելով առնվազն 20 բժշկական սեանսի: