ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News
Կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցում էին գործադիր եւ օրենսդիր մարմինների ներկայացուցիչները:
Նիստի ընթացքում քննարկվել է ՀԸԳՀ-ի դեռեւս ուժի մեջ չմտած դրույթների կիրարկմանն ուղղված ճանապարհային քարտեզի նախագիծը, որը մշակվել է պետական շահագրգիռ մարմինների համատեղ աշխատանքի արդյունքում: Նիստի ընթացքում զեկույցներով հանդես են եկել առողջապահության, արտակարգ իրավիճակների, արդարադատության եւ պաշտպանության նախարարությունների, ինչպես նաեւ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները:
Քննարկման արդյունքներով որոշվել է լրամշակել համաձայնագրի ուժի մեջ չմտած դրույթների կիրարկմանն ուղղված ճանապարհային քարտեզի նախագիծը, այնուհետեւ քննարկել այն շահագրգիռ այլ կողմերի հետ: Հանձնաժողովի անդամները կարեւորել են նաեւ այս ոլորտների ճանապարհային քարտեզի կիրարկումը, քանի որ դրանք եւս անդրադառնում են նշված ոլորտներում բարեփոխումների օրակարգային հարցերին: