ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
Փետրվարի 19-ին, լրանում է ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից քնած ժամանակ կացնահարված հայազգի սպա Գուգեն Մարգարյանի մահվան 16-րդ տարելիցը։
2004թ. փետրվարի 19-ի գիշերը Ռամիլ Սաֆարովը թաքուն մտել էր Գուրգեն Մարգարյանի սենյակ և կացնի 16 հարվածով սպանել 26-ամյա ՀՀ ԶՈւ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին։
Գուրգեն Մարգարյանի հետ նույն սենյակում բնակվող Քութի Բալաշը պատմել է, որ փետրվարի 18-ի երեկոյան ինքը թեյել է, գնացել քնելու, Գուրգենը շարունակել է պարապել, ապա 21:30-ի սահմաններում գնացել է հայաստանցի մեկ այլ սպայի՝ Հայկ Մակուչյանի սենյակը: Թե երբ է վերադարձել, հունգարացին չի զգացել, միայն առավոտյան կողմ զգացել է, որ ինչ որ մեկը վառել է լույսը: Մտածել է՝ Գուրգենն է, հետո լսելով խլացված ձայներ` շրջվել է ու տեսել ադրբեջանցուն՝ մեծ կացինը ձեռքին կանգնած Մարգարյանի անկողնու մոտ:
«Այդ ժամանակ ես հասկացա, ինչ-որ սարսափելի բան է տեղի ունեցել: Չորս բոլորը արյուն էր: Ես սկսեցի բղավել, որ ադրբեջանցին դադարեցնի գործը: Նա ասաց, որ ինձ հետ խնդիր չունի և ինձ ձեռք չի տա: Նրա դեմքի արտահայտությունը ուրախ էր, կարծես թե կարևոր մի գործ էր վերջացրել: Ես շոկի մեջ էի, վազեցի դուրս օգնություն կանչելու, Ռամիլը գնաց ուրիշ ուղղությամբ»,-պատմել է հունգարացին:
Մարգարյանի սպանությունից անմիջապես հետո ադրբեջանցին գնում է մյուս հայ սպայի սենյակը: Միջանցքում նա հանդիպել է աղմուկի վրա դուրս եկած ուզբեկ սպային, Ռամիլը նրան առաջարկել է միասին գնալ և սպանել երկրորդ հայ սպային: Ուզբեկը փորձել է հանգստացնել մարդասպանին, բայց նրան չի հաջողվել: Ադրբեջանցին արյունոտ կացինը ձեռքին մոտեցել է Մակուչյանի սենյակին, սակայն դուռը փակ է եղել: Հ. Մակուչյանը մոտեցել է դռանը` բացելու այն: Բայց իր սենյակում ապրող Լիտվայի ներկայացուցիչը, ով երեկոյան փակել էր սենյակի դուռը, փրկում է հայ սպայի կյանքը: Նա կանգնեցնում է հայ սպային` մտածելով, որ Սաֆարովը կարող է զինված լինել: Կասկածները փարատելու համար նա զանգում է նույն միջանցքի սենյակներից մեկում ապրող իր հայրենկցին` որպեսզի ստուգի, թե ինչ է կատարվում: Մինչ այդ Սաֆարովը արյունոտ կացինը ձեռքին սկսում է խելակորույս մյուս սենյակներում փնտրել Հայկին, բոլորին ասում է, որ բացի հայի արյունից իրեն ոչինչ պետք չէ: Այդ ժամանակ մյուս լիտվացին ու ոստիկանության աշխատակիցները մոտենում են: Ոստիկանության աշխատակիցներին մարդասպան ադրբեջանցին ասում է, որ իր վրեժխնդրությունն ինչ-որ մեկի դեմ չէ, այլ ողջ հայ ազգի:
Երկարատև դատական գործընթացից հետո 2006թ. ապրիլին Սաֆարովը Բուդապեշտի դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել` 30 տարի առանց ներման իրավունքի:
Հունգարական դատարանը բազմիցս հայտարարել էր Սաֆարովի` Ադրբեջանին արտահանձնելու անհնարինության մասին, սակայն 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնեցին, որտեղ Ալիևն անմիջապես ներում շնորհեց, զինվորական բարձր կոչում տվեց և միանվագ վճարեց 8 տարվա աշխատավարձը: Նույն օրը պաշտոնական Երևանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Բուդապեշտի հետ:
Հայ սպա Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի անգլալեզու դասընթացին։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում եզրափակիչ փուլում է հայ սպայի սպանության գործը։ Գրավոր հաղորդակցությունների փուլն ավարտվել է, այժմ դատարանը խորհրդակցական սենյակում է։