ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News
Օրեր առաջ լրատվամիջոցները հրապարակեցին Երևանի կենդանաբանական այգում կենդանու հերթական անկման մասին. պարզվեց, որ ուղտի անկման պատճառը տուբերկուլոզն է՝ հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդություն, որի նկատմամբ զգայուն են կենդանիները և մարդիկ, և առհասարակ՝ ոչ միայն կաթնասունները, ավելի ուշ հայտարարվեց՝ այգին ժամանակավոր չի գործում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՍԱՏՄ Սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգի մեթոդաբանության վարչության պետ Արմեն Վարդանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Կենդանաբանական այգում ամիսներ առաջ ևս արձանագրվեցին կենդանիների տուբերկուլոզի դեպքեր և ի՞նչ արվեց կամ ի՞նչ արդյունք տվեց, պատասխանն ակնհայտ է, ինչի ապացույցը տուրբերկուլոզի հերթական նոր դեպքի արձանագրումն էր և ուղտի անկումը:
Իրականությունն այն է, որ կենդանաբանական այգին, որպես անասնահամաճարակային նշանակության օբյեկտ, իր գործունեության ուղղվածությամբ և ծառայությունների շրջանակներով ունենալով հանրային և կենդանիների առողջությանը սպառնացող ամենաբարձր ռիսկերը և վտանգները՝ վաղուց տուբերկուլոզի նկատմամբ ստացիոնար /կայուն/ անապահով է, այսինքն՝ կենդանաբանական այգին տուբերկուլոզի օջախ է, որտեղ հիվանդությունը, որպես ծխացող վարակ, պարբերաբար կդրսևորվի, քանի դեռ….:
Հասարակությունը և լրատվամիջոցները, կառավարությունը պետք է ստանան մի շարք հարցերի պատասխաններ:
Թե նախորդ, թե նոր արձանագրված տուբերկուլոզի դեպքերով՝
1/ կենդանիների անկումից կամ հիվանդացությունից հետո ի՞նչ է արվել կենդանաբանական այգում՝ անասնաբուժական ծառայության և տնօրինության կողմից.
2/ տուբերկուլոզի դեպքերով ի՞նչ է արվել կենդանաբանական այգու և կենդանիների առողջության պահպանման նկատմամբ անասնաբուժական վերահսկողության համար պատասխանատու պետական կառույցի՝ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կամ տեսչական մարմնի կողմից:
Ի՞նչ պետք է արվեր ամիսներ առաջ, որ չի արվել, իսկ տուբերկուլոզի նոր դեպքի արձանագրումից և լաբորատոր ախտորոշումից հետո ի՞նչ պետք է արվի կենդանիների առողջության պահպանման, վարակիչ հիվանդության վերացման և վերահսկողության ուղղությամբ.
ա/ պետք է կատարվեր կենդանաբանական այգում տուբերկուլոզով կենդանիների հիվանդացության և անկումների պատճառների վերլուծություն, իսկ ովքե՞ր են պատասխանատու դրա համար և ինչպե՞ս պետք է արվեր /եթե արվել է, ապա պետք է ներկայացվեն կատարման փաստը հավաստող փաստաթղթավորումներ/.
բ/ տուբերկուլոզի լաբորատոր ախտորոշումը հաստատվելուց հետո պետք է կազմվեր և հաստատվեր կենդանաբանական այգում կենդանիների տուբերկուլոզի վերացման կամ առողջացման ծրագիր /պլան/՝ հստակ գործողություններով, անասնաբուժասանիտարական միջոցառումներով. իսկ ո՞վքեր են պատասխանատու պլանը կազմելու, միջոցառումները իրականացնելու համար, ի՞նչ միջոցառումներ պետք է կատարվեն, ինչպե՞ս եւ ի՞նչ միջոցներով /եթե արվել է, ապա պետք է ներկայացվեն կատարման փաստը հավաստող փաստաթղթավորումներ/.
գ/ տուբերկուլոզի դեմ պայքարի նպատակով կենդանաբանական այգում պետք է սահմանվեր «սահմանափակում» ռեժիմ, որը պետք է վերացվեր՝ հանվեր հիվանդության վերացումից հետո, սահմանափակումը սահմանելու կամ հանելու համար պետք է համապատասխան առաջարկություն ներկայացվեր. իսկ ո՞վքեր են պատասխանատու առաջարկություն ներկայացնելու, սահմանափակումներ սահմանելու կամ հանելու համար և ինչպե՞ս պետք է արվեր /եթե արվել է, ապա պետք է ներկայացվեն կատարման փաստը հավաստող փաստաթղթավորումներ/.
դ/ կենդանաբանական այգում կենդանիների տուբերկուլոզի վերացման պլանով սահմանված գործողությունների եւ միջոցառումների կատարման նկատմամբ պետք է պատշաճ վերահսկողություն կատարվեր. իսկ ովքե՞ր են պատասխանատու անասնաբուժական վերահսկողության համար և ինչպե՞ս պետք է կատարվեր /եթե արվել է, ապա պետք է ներկայացվեն կատաման փաստը հավաստող փաստաթղթավորումներ/: