ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
Սերժ Սարգսյանի և մյուսների գործով մեղադրյալ, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասի փետրվարի 26-ի դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը։
Հարցին՝ ցուցմունք տվե՞լ, առերեսվե՞լ է Սերժ Սարգսյանի հետ, Կարապետյանն ասել է․
«Ինչ-որ պետք էր, ասել եմ, հետևեք դատական գործընթացին. դատական գործընթացը ցույց կտա»։
Հիշեցնենք, որ գործի շրջանակում Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, Սամվել Գալստյանին և Գևորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):
Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15391765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 միլիոն դրամը:
Սերժ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը պնդում է, որ մեղադրանքը շինծու է։
Նշենք նաև, որ դատավարության մեկնարկի օրը ՀՀԿ–ն տարածել է հայտարարություն, ըստ որի՝ գործն ուղղորդված է և պատվիրված, ունի քաղաքական շարժառիթներ։