ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News
«Ժողովուրդը» գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալու համար առաջիկայում կպայքարի երկու դատավոր: «Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում գրել էր, որ մարտի 13-ին տեղի է ունենալու դատավորների ընդհանուր ժողովը, որի ժամանակ էլ կընտրվի ԲԴԽ անդամ, որը տևական ժամանակ է՝ տեղի չէր ունենում:
Եվ ԲԴԽ անդամ կարող են դառնալ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի անդամներ, քանի որ ԲԴԽ-ում թափուր է վարչական մասնագիտացման տեղը: Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներն են Ռուզաննա Հակոբյանը, Գոռ Հակոբյանը, Նախշուն Տավարացյանը, Վարդան Ավանեսյանը, Ստեփան Միքայելյանը, Տիգրան Պետրոսյանը, Սուրեն Անտոնյանը, Մամիկոն Դրմեյանը, Արտակ Բարսեղյանը, էդգար Սեդրակյանը:
Սակայն դատական համակարգում տարածված տեղեկությունների համաձայն՝ այդ դատավորներից շատերը ինքնաբացարկ կհայտնեն և չեն լինի թեկնածուների շարքում, այդ թվում՝ պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը, որը դեռ 2018 թվականին հրաժարվել էր ԲԴԽ անդամ դառնալուց:
Ինքնաբացարկներից հետո թեկնածուների թվում կմնա 9 դատավոր, սակայն, մեր տեղեկություններով՝ դատական համակարգում նախապատվություն են տալիս Սուրեն Անտոնյանին և Ստեփան Միքայելյանին, իսկ թե նրանցից ով շատ ձայն կհավաքի, պարզ կլինի մարտի 13-ին»,-գրում է թերթը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: