ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News
Կառավարության հերթական նիստին՝ մինչ օրակարգին անցնելը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվել է՝ ի՞նչ իրավիճակ է կորոնավիրուսի դեմ տարվող պայքարում:
«Ունենք մեկ հաստատված դեպք, որը գտնվում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում և 31 քաղաքացիներ, որոնք հատուկ մեկուսացված պայմաններում գտնվում են Ծաղկաձորում: Բոլորի ինքնազգացողությունը և առողջությունը լավ է, որևէ գանգատ չունի որևէ մեկը այդ թվում հաստատված պացիենտը: Երեկ հետազոտել ենք նրա կնոջը, որի մոտ հերքվել է հիվանդության առկայությունը: Այսինքն՝ ինքը համարվելով վարակիչ հիվանդանոց, մեր սեփական փորձով տեսնում ենք, որ շատ վարակիչ չէ»,-ասաց Արսեն Թորոսյանը և նշեց, որ 162 նմուշ թեստավորում է մինչ օրս կատարվել, միայն մեկն է հաստատվել, և որ ամեն ինչ վերահսկելի է, ու հանրապետությունը կարող է իր բնականոն կյանքով ապրել:
«Իսկ Գոլդեն Փելեսի ժողովուրդն ապահովվա՞ծ են ամեն ինչով»,-հետաքրքրվեց վարչապետը: Նախարարը վստահեցրեց, որ ամեն ինչով ապահովված են, այդ թվում՝ ինտերնետ ու գրքեր, ապա հավելեց, որ նախատեսված է՝ վերջիններս հյուրանոցում կմնան մինչև մարտի 14-ը:
Նախարարը հայտնեց, որ Չինաստանը, լինելով հիվանդության աղբյուր, նոր դեպքերի գրանցման տեմպը և մահերի տեմպը կտրուկ անկում է ապրել:
«Սակայն աշխարհի այլ երկրներում իրավիճակը բարդանում է՝ Հարավային Կորեայում, Իրանում, Իտալիայում և մի քանի հարյուր դեպքեր Ֆրանսիայում Գերմանիայում են գրանցվել: Վրաստանում և Ռուսաստանում իրավիճակն ավելի լավ է, ակնկալվում է, որ երկու-երեք շաբաթից, եթե եվրոպական երկրները կարողանան ճիշտ միջոցառումներ անցկացնել, պիկն անցկացնելուց հետ նորից նվազում կտեսնենք այդ երկրներում»,-ասաց նա։