ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում արել՝ տեղեկացնելով, որ առողջապահության նախարարի տեղակալն այցելել է ԲԿ՝ տեսակցելու Գյումրիում բռնության ենթարկված 13-ամյա երեխային, որի մայրը բռնության զոհ էր դարձել։
«Իմ հանձնարարությամբ առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանն այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն` տեսակցելու Գյումրուց մայրաքաղաք տեղափոխված բռնության ենթարկված 13-ամյա երեխային:
Բժիշկների գնահատմամբ՝ երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, միացված է արհեստական շնչառության սարք։
Բժիշկները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները երեխայի կյանքը փրկելու համար»,-գրել է նախարարը:
Նշենք, որ ավելի վաղ 13-ամյա տուժածին այցելել էր նաև Շիրակի մարզպետը և տեղեկացրել, որ հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 28-ամյա երիտասարդ։
Հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ-ի 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 14-րդ կետերի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը երկու կամ ավելի անձանց նկատմամբ՝ անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ: