ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News
Վանաձորի բժշկական կենտրոնից մարտի 7-ի ժամը 21:05-ին,ահազանգ է ստացվել այն մասին, որ ծակած-կտրած վերքեր ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Վանաձոր քաղաքի բնակիչ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի առթիվ հարուցված՝ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Վանաձոր քաղաքի երկու բնակիչները մարտի 7-ի ժամը 18:05-ի սահմաններում, Լոռու մարզի բուսաբանական ինստիտուտի դարպասների մոտ խուլիգանական դրդումներով վիճաբանել, ապա հարվածներ են հասցրել իրենց համաքաղաքացուն, վերջինս հետագա վիճաբանությունից խուսափելու նպատակով դիմել է փախուստի:
Վանաձորի երկու բնակիչները հետևել և, Վանաձոր քաղաքի Աբովյան փողոցում տեսնելով նրան, մոտեցել և շարունակել են նրան ծեծի ենթարկել, ինչի ընթացքում նրանցից մեկը դանակով հարվածներ է հասցրել՝ առողջությանը պատճառելով մարմնական ծանր վնաս:
«2020թ. մարտի 11-ին որոշում է կայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետերով նախատեսված հանցագործության առերևույթ կատարելու համար նրանց որպես մեղադրյալ ներգրավվելու մասին: Վերջիններիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում և միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ: