ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News
Կոտայքի մարզի Ալափարս գյուղի մահացած բնակչուհու որդու ու ամուսնու մոտ կորոնավիրուս է հաստատվել: Այդ մասին 24News-ին հայտնեց Չարենցավան համայնքի Ալափարս գյուղի վարչական ղեկավար Արտակ Սարիբեկյանը՝ հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել մոտ մարտի 18-19-ին։
«Մահացած բնակչուհուն թեստավորել էին, պատասխանը բացասական էր եղել։ Պաշտոնապես նշվել էր, որ բնակչուհին մահացել է ինֆարկտից։ Կինը նաև թոքերի խնդիր է ունեցել դեռ 10-15 տարի առաջ», - նշեց Սարիբեկյանը։
Գյուղապետը տեղեկացրեց, որ կնոջ մահից հետո որդին և ամուսինը ջերմություն են ունեցել, դիմել են բուժհաստատություն, ինչից հետո թեստ են հանձնել և պատասխանը դրական է եղել։ Երկուսն էլ մեկուսացվել են։ Նրանք հիմա «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում են։ Նրանց շփման շրջանակը պարզված է։ 20 մարդ մեկուսացված է Երևանի հյուրանոցներից մեկում։
Թե վարակակիր ո՞ր օջախի հետ են շփում ունեցել բնակիչները, ըստ վարչական ղեկավարի՝ դեռ պարզ չէ։