ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
Մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գյուղատնտեսական ոլորտին տրամադրվող վարկերը հասանելի կլինեն 0 % տոկոսադրույքով։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից:
«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի հիմնական նպատակն է հանրապետության ագրոպարենային ոլորտում զբաղված ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման, վարկավորման պայմանների բարելավման միջոցով նպաստել տնտեսավարողների կարողությունների ընդլայնմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը:
ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 356-Լ որոշմամբ հաստատված «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառման» շրջանակներում, մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, տրամադրվող վարկերը շահառուներին հասանելի կլինեն՝ 0 տոկոս տոկոսադրույքով, 3-15 մլն ՀՀ դրամ գումարի սահմաններում, մարման մինչև 5 տարի` ելնելով ներդրումների ուղղվածությունից և մայր գումարի մինչև 12 ամիս արտոնյալ ժամկետներով։ Գյուղատնտեսական կոոպերատիվների համար պետության կողմից կարող է տրամադրվել նաև 10 տոկոս համաֆինանսավորում։
Ծրագրի շրջանակներում ֆիզիկական անձանց կտրամադրվեն նաև 0 տոկոս տոկոսադրույքով, մինչև 1 մլն ՀՀ դրամի չափով, մինչև 2 տարի մարման և մինչև 9 ամիս արտոնյալ ժամկետներով միկրովարկեր։
Միաժամանակ, երկու նպատակային ուղղություններ՝ խոզաբուծությունն ու թռչնաբուծությունը խթանելու համար տրամադրվում են՝ 3-15 մլն դրամ գումարով, մինչև 3 տարի մարման և վարկի մայր գումարի մինչև 12 ամիս արտոնյալ ժամկետներով վարկեր, ինչպես նաև պետության կողմից կարող է տրամադրվել 30 % համաֆինանսավորում:
Ֆինանսական կառույցի համար սուբսիդավորվող վարկերի տրամադրման հայտի ընդունման, քննարկման և վարկի տրամադրման նախապայման է համարվում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տնտեսավարողներին տրամադրված հավաստագիրը: