ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News
Կառավարության նիստին փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է պարետատան որոշմանը, համաձայն որի՝ միջմարզային տեղաշարժի սահմանափակումն ու անցակետերը հանվում են:
«Ուզում եմ տեղեկացնել, որ որոշակիորեն փոփոխվել է տեղաշարժման սահմանափակումների մասով իրավիճակը, մասնավորապես, մարզային անցակետերը հանվել են, քանի որ փաստացի բոլոր մարզերում այսօր տարածվածություն ունենք, և այդ ուժերն ավելի կենտրոնացնելու ենք այն հատվածներում, որտեղ ուժեղ վերահսկողություն իրականացնելու կարիք կա: Ինչպես և խոստացել էինք, փուլային տարբերակով կամաց-կամաց գնում ենք դեպի բացում», - ասել է Ավինյանը։
ՀՀ պարետը նաև տեղեկացրել է, որ մի շարք ոլորտներում՝ անրածախ և մեծածախ առևտրի, տնտեսական գործունեությունը թույլատրվել է:
Փոխվարչապետ Ավինյանն անդրադարձել է նաև տեղորոշման համակարգին՝ նշելով, որ այն ավելի ու ավելի էֆեկտիվ է աշխատում:
«Այս համակարգն ամբողջապես տեղփոխվել է ԱԻՆ կառավարման կենտրոն: Այս փուլում, կարելի է ասել, վիրուսի տարածումը վերահսկելի է և, եթե այսպես շարունակվի, կսկսենք տարբեր տնտեսական գործունեություններ բացելը», - ասել է ՀՀ պարետը: