ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News
«Արևելքը» հայտնում է, որ սփյուռքահայ հայտնի թարգմանիչ, երաժիշտ, գրադարանագետ Պերճ Թյուրապյանի դուստրը՝ Արուսյակ Թյուրապյանը, մահացել է:
«Թյուրապյանը և Սքուտըրի ընտանիքները խորունկ կսկիծով հայտնում են Արուսյակ Թյուրապյանի մահվան բոթը, որ մեզ ցնցեց 2020 թվականի ապրիլ 30-ին:
Արուսյակը սիրառատ և քնքուշ դուստր էր, մայր, կին, քույր, ընկեր... Նա սեր ու անդորր է ճառագում շուրջը՝ իր լույսով ու ջերմությամբ առատորեն ողողելով իրեն շրջապատող մարդկանց: Իր և ուրիշների համար նա կյանքը գեղեցիկ էր դարձնում՝ մարմնավորելով բարություն ու կարեկցանք, լինելով առեղծվածային բնության մի մասնիկը:
Մենք այսօր սգում ենք մեր սիրելի Արուսյակի կորուստը՝ հորդառատ մխիթարություն գտնելով մեզ սգակից ընտանիքիների ու ընկերների սիրո և համակրանքի արտահայտությունների մեջ: Արուսյակի լույսը, որ ողողել է մեր մտերիմների հոգին, ամոքում է մեզ ու սփոփում»,- գրել է Պերճ Թյուրապյանը:
Հասարակական հավաքների սահմանափակման պատճառով Արուսյակի հոգեհանգստյան ու թաղման արարողությունները տեղի կունենան մտերմիկ ընտանեկան պայմաններում, այնպես, ինչպես ինքն էր ցանկացել: