ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News
Երևանի Նորաշեն թաղամասի թիվ 49 մանկապարտեզի տեխնիկական անձնակազմի անդամներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Այդ մասին 24News-ին տեղեկացրեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։
«Թեստի պատասխանը դրական էր, այսօր է ստացվել, պարզվել է նաև կոնտակտավորների շրջանակը, բոլորն ինքնամեկուսացել են, որոշ ժամանակ անց պարզ կդառնա՝ նրանց թվում վարակակիր կա՞, թե ոչ»,- նշեց խոսնակը:
Հակոբ Կարապետյանի խոսքով՝ մանկապարտեզն անորոշ ժամանակով փակ կմնա, մինչև բժիշկները, մասնագետները բացելը ճիշտ կհամարեն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 18-ին վերաբացված մանկապարտեզներից չէր բացվել միայն Երևանի թիվ 49 մանկապարտեզը, քանի որ աշխատակիցներից մեկի ջերմությունը բարձր էր եղել։ Որոշում էր կայացվել նրան թեստավորել, իսկ մյուս աշխատակիցներին ինքնամեկուսացման հրահանգ էր տրվել:
Սոնա Գրիգորյան