ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
ՀՀ ՄԻՊ-ն այսօր այցելել է Արցախի Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարին ադրբեջանական զինված ուժերի հարվածի արդյունքում տուժած լրագրողին:
Այցի մասին ՄԻՊ-ը գրել է.
«Արցախի Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարին ադրբեջանական զինված ուժերը հասցրին երկու թիրախային հարված հոկտեմբերի 8-ին՝ պատճառելով մեծ ավերվածություն և վիրավորումներ այդ պահին տաճարում գտնվող երեխաներին, կանանց ու տարեցներին: Հրթիռային հարվածների հոտևանքով վիրավորումներ էր ստացել 3 ռուս լրագրող:
«Էրեբունի» բժշկական կենտրոն այսօրվա իմ այցի ընթացքում վերակենդանացման բաժանմունքում գտնվող լրագրողը, որ ծանր վիրավորում էր ստացել, խնդրեց բոլորին փոխանցեմ, որ իր աչքերով է տեսել՝ ինչպես է թիրախային հարվածը հասցվում Մայր տաճարին ու որ տաճարում եղել են բացառապես երեխաներ, կանայք ու տարեցներ:
Իրենք լրագրողներով առաջին հարվածից անմիջապես հետո փորձել են օգնել ու եկեղեցուց դուրս բերել խաղաղ բնակիչներին, որոնց մի մասը վիրավորումներ էին ստացել, սակայն այդ պահին երկրորդ հրթիռն է հարվածել, որի պատճառով արդեն լրագրողներն են ստացել վիրավորումներ, իսկ վայրագ հարվածներով եկեցուն պատճառվել են ավերածություններ:
Լրագրողը պատմեց նաև, որ ինքն է հավաստիացել, որ Շուշի քաղաքի ճանապարհին չի եղել որևէ ռազմական օբյեկտ, բացառապես քաղաքացիական բնակավայրեր են»:
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։
--00—ՄՀ