ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
IRNA գործակալությունը հայտնում է, որ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին հավատարիմ մնալ հրադադարին և միջագային նորմերի շրջանակում վերսկսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունները:
Ճեպազրույցի ժամանակ Խաթիբզադեն ափսոսանք է հայտնել ԼՂ-ում կրակի դադարեցման ռեժիմի խախտման համար, որի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նախորդ շաբաթ, և դատապարտել է քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների և բնակելի շենքերի հրթիռակոծությունը:
Խաթիբզադեն ևս մեկ անգամ ընդգծել է, որ Իրանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին՝ տարածաշրջանում ամուր խաղաղության հասնելու համար:
Հիշեցնենք, որ Մոսկվայում ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև մոտ 10 ժամ տևած բանակցությունից հետո՝ հոկտեմբերի 10-ի գիշերը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ներկայացրեց կողմերի միջև համաձայնեցված հայտարարությունը: Ըստ այդմ՝
- Հայտարարվում է կրակի դադարեցման մասին՝ 2020 թ. հոկտեմբերի 10-ի, 12:00-ից՝ մարդասիրական նպատակներով՝ ռազմագերիների և այլ պահվող անձանց և զահվածների մարմինների փոխանակման համար՝ Միջազգային կարմիր խաչի միջնորդությամբ և չափորոշիչների համաձայն:
- Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ:
- Ադրբեջանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման բազային սկզբունքների հիման վրա, սկսում են շոշափելի (субстантивный) բանակցություններ՝ խաղաղ կարգավորման նպատակով:
- Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը։
Անտեսելով հոկտեմբերի 10-ի՝ ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը՝ ադրբեջանական ստորաբաժանումները նույն օրը՝ ժամը 12:05-ին գրոհ էին ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ։ Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը։
--00—ԼՄ