ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Moderna Inc կենսատեխնոլոգիական հսկան, որը հիմնադրվել է հայտնի գործարար Նուբար Աֆեյանի կողմից, ավարտում է կորոնավիրուսի դեմ թեկնածու պատվաստանյութի կլինիկական փորձարկումների III փուլը: Հետազոտության միջանկյալ արդյունքները կհրապարակվեն նոյեմբերին:
Medportal.ru-ի փոխանցմամբ` mRNA-1273 կոչվող պատվաստանյութի կլինիկական փորձարկումների վերջին փուլին մասնակցել է 30.000 կամավոր: Դեղամիջոցի անվտանգության մասին տվյալների ներկայացումից հետո ընկերությունը կդիմի ԱՄՆ սննդի եւ դեղամիջոցների որակի վերահսկման վարչություն (FDA)` 2021 թվականից պատվաստանյութի հրատապ կիրառման հաստատման համար:
Մինչեւ տարեվերջ Moderna-ն ակնկալում է առնվազն 20 միլիոն դեղաչափ պատվաստանյութ արտադրել, իսկ 2021 թվականին` 500 միլիոնից մինչեւ 1 միլիարդ դեղաչափ: Ընկերությունը նաեւ հայտարարել է ԱՄՆ կառավարության եւ մի շարք այլ երկրների հետ նոր պատվաստանյութի մատակարարման վերաբերյալ համաձայնագրի ստորագրման մասին:
--0--ԿԿ