ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News
ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն, ի գիտություն Արցախի Հանրապետության քաղաքացիների, տեղեկացնում է.
«Արցախի Հանրապետությունում գործող օպերատիվ շտաբը շարունակում է իր աշխատանքը քաղաքացիական բնակչության տունդարձի խնդիրները համակարգելու, նրանց առաջին անհրաժեշտության պարագաներով ու պարենամթերքով, իսկ պատերազմի հետևանքով բնակելի տները կորցրածներին՝ նաև կեցության պայմաններով ապահովելու, ինչպես նաև ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ:
Բնակելի տների, բնակարանների հաշվառման, խնդիրների գույքագրման և ընթացիկ հարցերի լուծումներով զբաղվում է տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը: Վաղը գերատեսչությունը հանրությանը մանրամասն տեղեկություններ կներկայացնի հայտարարության տեսքով:
Պարենի տեսքով աջակցությունը կազմակերպում են Ստեփանակերտի քաղաքապետարանն ու շրջանների վարչակազմերը:
Աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը հոգալու է հագուստը, այդ թվում տաք, ինչպես նաև վերմակն ու ծածկոցը (047) 94 33 67:
Պատերազմի հետևանքով առաջացած ավերածությունների վերացման հարցով, այդ թվում ջարդած ապակիների փոխարինման, թիթեղի և այլ շինանյութերի աջակցության համար կարող եք դիմել քաղաքաշինության նախարարությանը (047) 94 36 20»:
--00--ԱԹ