ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Բոլոր ուժերը փոխանակ համախմբեինք մեկ գերնպատակի համար, հայրենիքի փրկության գործին ծառայեցնեինք, մինչև վերջին օրն ու նույնիսկ այսօր թշնամի ենք փնտրում, միմյանց մեջ թշնամի ենք տեսնում, և թշնամի ենք տեսնում նաև հոգևոր առաջնորդի մեջ, ով ոչ մի անձնական հետաքրքրություն չունի, թե ով կլինի վարչապետ: Այս մասին 24TV-ի եթերում ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:
«Եթե անձնական պրիզմայով չափենք, ոչ մի հետաքրքրություն չունեմ, բայց իմ սիրտը ցավում է իբրև քաղաքացի, իբրև հայ, իբրև մարդ, ցավում է այս երկրի համար, որն իմ հայրենիքն է և որի մի զգալի մասը տվեցինք թուրքին՝ ասելով՝ ա՛ռ, վայելի՛ր մեր ապաշնորհության, ապիկարության, տգիտության, հիմարության ու անբարտավանության պատճառով»,- ասել է սրբազանը:
«30 տարի ծուռ է գնացել այս երկրի ակոսը, որովհետև առաջին եզը ծուռ տարավ։ 30 տարի սպառել ենք, մսխել ենք, երկրի մուխը մարել ենք։ Երբ հոգևոր առաջնորդն իր այդ անանձնական վշտի մեջ քայլ է կատարում իբրև աղաղակ, իբրև բողոք, որպես արձագանք ստանում է հայհոյանքներ, լուտանքներ։ Այսպես ուզում ենք երկիր ու պետություն ստեղծե՞լ»,- ասել է Շիրակի թեմի առաջնորդը:
Բանախոսն անդրադարձել է թեմային վերաբերող այլ կարևոր հարցերի ևս։
--0--ԿԿ
Մանրամասները՝ տեսանյութում։