ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 21, 24News
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ, նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության համար աշնանն անցկացնելու է հանրապետական ռազմամարզական խաղեր, որոնց նպատակը հայրենիքի պաշտպանությանը պատրաստ և ՀՀ ազգային բանակում ծառայելու համար ֆիզիկապես կոփված երիտասարդներ պատրաստելն ու նրանց շրջանում առողջ ապրելակերպ արմատավորելն է: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է խաղերի կանոնակարգը:
Ռազմամարզական խաղերն անցկացվելու են 4 փուլով.
1-ին փուլ` ներդպրոցական զանգվածային մրցումներ (մինչև սեպտեմբերի 25-ը),
2-րդ փուլ` տարածաշրջանային և Երևանի վարչական շրջանների մրցումներ (սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 8-ը),
3-րդ փուլ` ՀՀ մարզերի և Երևանի առաջնություններ (հոկտեմբերի 10-20-ը),
4-րդ փուլ` եզրափակիչ հանրապետական մրցումներ (հոկտեմբերի 26-29-ը, ՀՀ պաշտպանության նախարարության որևէ զորամասում):
Ռազմամարզական խաղերին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարաններից ձևավորված հավաքական թիմերը (թիմի կազմը` 9 մարզիկ և 1 մարզիչ‑ներկայացուցիչ): Ըստ փուլերի՝ մրցույթին մասնակցելու են՝
ներդպրոցական փուլ՝ բարձր դասարանների աշակերտներ,
տարածաշրջանային փուլ՝ դպրոցների հավաքական թիմեր,
մարզային փուլ՝ 2-րդ փուլում 1-ին և 2-րդ տեղերը գրաված դպրոցների հավաքական թիմեր,
եզրափակիչ փուլ՝ 3-րդ փուլում 1-ին տեղը գրաված դպրոցների հավաքական թիմեր:
--00—ՄՀ