Իտալացի բռնցքամարտիկ Կարինին հրաժարվել է շարունակել պայքարը մենամարտի մեկնարկից 46 վայրկյան անց

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

օօ.

Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (IBA) քննադատել է ալժիրցի Իման Խելիֆի մասնակցությունը օլիմպիական մրցաշարին։ Հայտարարությունը հրապարակվել է IBA-ի կայքում։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Կազմակերպությունը հայտարարել է, որ հավատարիմ է կին բռնցքամարտիկների իրավունքները պաշտպանելու սկզբունքներին և քննադատել է ինչպես ՄՕԿ-ին, այնպես էլ World Boxing-ին՝ «ոչ որակավորում ունեցող» մարզիկներին մրցելույթներին մասնակցելու թույլ տալու համար: IBA-ն հիշեցրել է, որ 2023 թվականին Հնդկաստանում կայանալիք աշխարհի առաջնության ժամանակ Խելիֆը և Լին Յութինգը հեռացվել են՝ մրցաշարի չափանիշներին չհամապատասխանելու պատճառով։ Գենդերային թեստի արդյունքում, որն անցկացվել է IBA-ի պահանջով, ապացուցվել է, որ մարզուհիներն ունեն XY քրոմոսոմներ։

«Մենք լիովին անհանգստացած ենք այն հարցում, թե ինչու է որևէ կազմակերպություն բռնցքամարտիկին ենթարկում ռիսկի, որը կարող է հանգեցնել հնարավոր լուրջ վնասվածքի, կամ ինչպես դա կարող է արվել, եթե բռնցքամարտիկը չի համապատասխանում մրցաշարի չափանիշներին: Մենք պաշտպանում ենք կանանց և հավասար մրցակիցների հետ ռինգում մրցելու նրանց իրավունքները»,- ավելացրել է IBA-ն:

Նախօրեին ալժիրցի Խելիֆը Փարիզում ընթացող օլիմպիական մրցաշարի 1/8 եզրափակիչում հաղթել էր իտալուհի Անժելա Կարինիին։ Մենամարտի 46-րդ վայրկյանին իտալացին հրաժարվել է շարունակել պայքարը։ Նա մենամարտն անարդար է անվանել, իսկ հետո նաև հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

«Ես ինքս ինձ հարցրի. ո՞վ է իմ դիմաց: Բայց դա իմ որոշելիքը չէ: Ես ցավում եմ նրա համար, մեր շուրջը մեդիաբում է այս պահին։ Ո՞վ ենք մենք, որ դատենք։ Ասել, թե որն է ճիշտ և ինչն է սխալ: Մենք մարզիկներ ենք, մենք դատավոր չենք։ Ինձ համար սա պարտություն չէ։ Ես չեմ պարտվել, ուղղակի գիտակցաբար հանձնվել եմ: Գլուխս բարձր եմ հեռանում ու հիմա հրաժեշտ եմ տալիս բռնցքամարտին»,- Կարինիի խոսքերն է մեջբերում La Stampa-ն։

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) քննադատել է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիային (IBA) 2024 թվականի Օլիմպիական խաղերին երկու բռնցքամարտիկների մասնակցության հետ կապված սկանդալի համար։

2023 թվականին IBA-ն Ալժիրի ներկայացուցիչ Իմեն Խելիֆին և Թայվանի ներկայացուցիչ Լին Յութինգին հեռացրել է Աշխարհի առաջնությունից, քանի որ նրանք չեն անցել գենդերային թեստ։

«Այս երկու մարզիկները IBA-ի անսպասելի և խտրական որոշման զոհ են դարձել: 2023 թվականի IBA Աշխարհի առաջնությունում նրանք որակազրկվել են առանց որևէ իրավական ընթացակարգի։ Համաձայն IBA-ի արձանագրության, որը հասանելի է նրանց կայքում, այս որոշումը կայացվել է բացառապես IBA-ի գլխավոր քարտուղարի և գլխավոր տնօրենի կողմից: Այս երկու մարզիկների դեմ ուղղված ագրեսիան ամբողջությամբ հիմնված է IBA-ի այս որոշման վրա, որն ընդունվել է առանց որևէ պատշաճ ընթացակարգի։ Ավելին, այս մարզիկները նախկինում երկար տարիներ մասնակցել են բարձր մակարդակի մրցումների»,- ասված է ՄՕԿ-ի մամուլի հաղորդագրության մեջ, որը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

--00--ԼՀ