Հանրության 60% չկողմնորոշված է․ Փաշինյանը, Ծառուկյանը, Քոչարյանը, Վանեցյանը կլինեն ԱԺ-ում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

Նիկոլ Փաշինյանը, Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանը և Արթուր Վանեցյանը նոր խորհրդարանում կլինեն։ Էդմոն Մարուքյանի ուժը ևս այս պահին շահավետ դիրքերում է։ Շանսեր ունի նաև ՀՅԴ-ն, համամասնական ընտրակարգով ընտրության անցկացման պարագայում կանցնի նաև ՀԱԿ-ը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Նրա խոսքով՝ ընտրությունները մոտ են, բայց չի բացառվում, որ դրանցից հետո երկրում կայունությունը չվերականգնվի։

«Փաշինյանին չի հաջողվի խուսափել ընտրություններից, քանի որ երկիրը կանգնած է։ Սակայն երաշխիք չկա՝ եթե կայանան ընտրությունները, որոնք Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքով կլինեն ամենախայտառակը, ավելի սարսափելի քաոս չի լինի։ «17-ը»՝ անկախ նրանից կնշանակվեն ընտրություններ, թե՝ ոչ, փողոցային պայքարը շարունակելու է։ Իսկ փողոցը չի հանդարտվելու, եթե Փաշինյանը մնա իշխանության»,-ընդգծել է նա։

Ըստ քաղտեխնոլոգի՝ Փաշինյանը չի կարողանալու կեղծել ընտրությունները, թեև կփորձի։ 

«Ռեյթինգային ընտրակարգով ընտրություններն իշխանությանը ձեռք չեն տա։ Ընդդիմության ձեռքում ավելի շատ ռեսուրսներ կան, քան Փաշինյանի։ Շատ բան է կախված քարոզարշավից։ Հանրության 60 %-ը կողմնորոշված չէ։ Նրանց կտանեն այն ուժերը, որոնք կտան ոչ միայն խոստումներ, այլև ցույց կտան դրանց հասնելու մեխանիզմները»,-ասել է նա։

Խոսելով ընդդիմադիրների միջև եղած հակասությունների մասին՝ Քոչարյանը նկատել է, որ դրանք կան և կսրվեն, եթե իշխանություն ձևավորեն։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ