ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
Լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանն այսօր հրաժեշտ տվեց կյանքին: Նրա անունն ասոցացվում է Շուշիի ազատագրման հետ:
24News-ն առանձնացրել է դրվագներ Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի կյանքից:
«Վազգեն Սարգսյանն ինձ հարցնում էր` հավատու՞մ ես, որ Շուշին կազատենք։ Ես վախենում էի պատասխանել, որովհետև ցանկությունը մի բան է, իսկ արդյունքը` այլ»,- մի առիթով խոստովանել է նա։
Շուշին ազատագրելու համար հայկական կողմում կար 3000 զինվոր, իսկ ադրբեջանցիների թիվն այնտեղ 2500 էր։ Կոմանդոսի խոսքով` զինվորական օրենքները ենթադրում են, որ իրենք պետք է 3 անգամ ավելի լինեին, որովհետև Շուշին բարձունքում էր,
«Բայց այդտեղ ավելի կարևոր ուժ կար, որ մոռացնել տվեց այդ օրենքները»։
«Երբ փոքր էի, ինձ ասում էին` խելոք մնա, թե չէ թուրքը կգա: հիմա ժամանակները փոխվել են` ադրբեջանցին է երեխային վախեցնում ու ասում` հայը կգա, ականջներդ կքաշի։ Ես միշտ մտածել եմ` ով շատ է, նա էլ պետք է հաղթի։ Սակայն այդ տարիներին հասկացա, որ կարևորը մարտական ոգին ու գաղափարն է, որ ունեին մեր տղերքը։ Մեր զինվորներին մի քիչ էլ բան սովորեցնես, լրջագույն հաջողություններ կունենան»,- ապրիլյան քառօրյա պատերազմից հետո պատմել է Կոմանդոսը:
Հերոսը ռազմի դաշտում նամակներ է ստացել սիրելի կնոջից, բայց դրանում ոչ թե սիրո խոսքեր էին, այլ ... Սուվորովի ռազմավարությունը պատերազմական տարիներին։
Հրամանատարի թոռնուհին՝ Հասմիկ Պողոսյանը պատմել է, թե ինչպես է պապիկը ստացել իր «Կոմանդոս» անունը:
«Զինվորների թիվը փոքր էր, քանակ ցույց տալու խնդիր կար: Նրանք մի կողմից կրակում էին, հետո տեղափոխվում մյուս կողմ, կրակում, տպավորություն էր, որ բոլոր կողմերից կրակում են ու բանակը շատանում է»:
Հենց այդ ռազմական հնարքը ստացավ Կոմանդոս անունը, որով էլ կնքեցին լեգենդար հրամանատարին:
Ուսանողների հետ հանդիպումներից մեկի ժամանակ նա նշել է.
«Պատերազմը սարսափելի բան է: Ձեր տարիքի ոչ մի երիտասարդ չպետք է զոհվի, ու ոչ մի մայր չի կարող, չի ուզում հասկանալ, թե ինչու պիտի զոհվի իր զավակը»:
Արկադի Տեր-Թադևոսյանը ծնվել Է 1939 թ․ մայիսի 22-ին Թբիլիսիում: Ավարտել Է Բաքվի բարձրագույն համազորային հրամանատարական ռազմական ուսումնարանը (1962թ.) և Լենինգրադի թիկունքի և տրանսպորտի ռազմական ակադեմիան (1972թ.):
1962-1990 թթ. ծառայել է Լենինականում, Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսիայում, Երևանում տեղակայված ԽՍՀՄ զորախմբերում:
1990թ. մայիսին զինվորագրվել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատին, ապա ծառայել ՀՀ Պաշտպանության կոմիտեում: 1991թ. հունիսին ՀՀ ՊԿ կողմից գործուղվել է ք. Ստեփանակերտ՝ ԼՂ ինքնապաշտպանական ուժերը համակարգելու և ղեկավարելու: 1992թ. նշանակվել է ԻՊՈւ հրամանատար:
1991-1992թթ. Տեր- Թադևոսյանր ղեկավարել է Տողի, Սարիշենի, Մարտակերտի, Խոջալուի, Հադրութի և ԼՂ այլ բնակավայրերի և շրջանների ազատագրական և ինքնապաշտպանական մարտերը: Հենց այդ ժամանակ էլ նրան անվանել են «Կոմանդոս»: 1992 թ. նրա ղեկավարությամբ մշակվել է Շուշիի ազատագրման գործողությունը, որը կրել է «Հարսանիք լեռներում» ծածկանունը և 1992թ. մայիսի 8-9-ր իրագործվել է ռազմավարական և մարտավարական բարձր մակարդակով:
1992-2001 թթ. ծառայել է ՀՀ ՊՆ-ում: 1992- 1993 թթ. եղել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, այնուհետև ոչ համազորային պատրաստության վարչության պետ:
1993-1995 թթ. ղեկավարել է ՀՀ ՊՆ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչությունր:
1996 թ. եղել էՀՀ Պաշտպանության նախարարի օգնականը: 2001 թվականից ՀՀ պաշտպանական մարզատեխնիկական րնկերության նախագահն է:
1998-ից Երևանի Պատվավոր քաղաքացի է:
2009 թ. մայիսի 8-ին արժանացել է ԼՂՀ «Արցախի Հերոս» բարձրագույն պարգևին և ստացել «Ոսկե Արծիվ» շքանշան:
Պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով:
2016 թ. սեպտեմբերին ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել է «Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշանով:
2018 թ. ՀՀ վարչապետի առաջարկով կառավարության կողմից նշանակվել է Հանրային խորհրդի անդամ:
«Ինձ այդ նամակը փոխանցեց Զորի Բալայանը։ Ես կարդացի ու բարկացա` ասելով` ուրիշների կանայք գրում են, որ կարոտել են, իսկ նա ռազմական խորհուրդներ է տալիս։ Մեկ տարի անցավ, նոր հասկացա, թե դա ինչ էր»,-ժպիտով հիշեց Կոմանդոսը։