ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News
Ադրբեջանում մեկնարկել է լիբանանահայ Վիգեն Աբրահամի Էուլջեկչյանի գործի քննությունը: Բաքվի ռազմական դատարանում կայացել է քրեական գործի նախնական նիստը, իսկ բուն դատավարությունը տեղի կունենա մայիսի 25-ին: Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հիշեցնենք, որ Վիգեն Աբրահամի Էուլջեկչյանին մեղադրվում է որպես ԼՂ պատերազմի վարձկան: Ըստ ադրբեջանցի քննիչների՝ նա առաջարկ է ստացել Լիբանանի մեկ այլ քաղաքացուց՝ 2500 դոլարի դիմաց պատերազմական գործողությունների մասնակցելու համար: Էուլջեկչյանը մեղադրվում է նաև Ադրբեջանի բանակի և քաղաքացիների դեմ ահաբեկչական գործողությունների մասնակցելու համար:
Ընդհանուր առմամբ Վիգեն Աբրահամի Էուլջեկչյանին մեղադրանք է առաջադրվել 3 հոդվածով՝ «որպես վարձկան զինված հակամարտությանը մասնակցելու», «ահաբեկչության» և «սահմանն անօրինական հատելու» համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Նշենք նաև, որ Վիգեն Էուլջեկչյանը գերության մեջ էր հայտնվել Մարալի հետ: Նոյեմբերի 10-ին նրանք մեկնել էին Բերձոր՝ անձնական իրերը բերելու, հետդարձի ճանապարհին մտել էին Շուշի՝ Վիգեն Էուլջեկչյանի իրերը վերցնելու և գերի ընկել:
--00—ԼՄ