ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Կութ գյուղի սահմանային հատվածում ադրբեջանցիները այրել են 100-120 հեկտար տարածք: Այս մասին 24News-ին տեղեկացրեց Կութի գյուղապետարանի աշխատակից Ատոմ Ղարիբյանը:
«Հրդեհը մարվել է, սակայն այս պահին դեռևս կան օջախներ, որոնք թեթևակի ծխում են: Մարտունիից, Գավառից եկած հրշեջները հիմնական օջախները հանգցրեցին։ Գյուղից մարդիկ կան, որոնք վերահսկում են, որ քամու ուղղությամբ կրակը չտարածվի»,- մանրամասնեց նա:
Ղարիբյանի խոսքով՝ հրդեհները սկսվել են սեպտեմբերի 29-ից։ Ամսի 30-ին հրդեհը ուժգնացել է ու տարածվել հյուսիս հարավային սահմանի կողմը:
«Քանի որ խոտածածկը չոր է, հրդեհները արագ բռնկվում են, այդ տարածքներում հրշեջ տեխնիկա չի կարողանում բարձրանալ: Գյուղացիներից մեկը խոտը հնձելուց տեսել է, թե ադրբեջանցիների կողմից ինչպես է մեկը իջել սահման և հրդեհել: Ամեն դեպքում հրդեհը հենց այնպես չի բռնկվի, միտումնավորություն կա, քանի որ կրակը սկիզբ է առել ադրբեջանցիների սահմանի մոտից:
Հիմնականում վառվել են խոտարքները և հյուսիս արևելյան հատվածի արոտավայրերը: Նույնիսկ հնձած խոտն է այրվել: Ձեռքով հնձելու սարք և բենզին է եղել, դա էլ է վառվել»:-նշեց Ղարիբյանը:
--00--ԿԿ