ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Հայաստանն ինչպե՞ս է գնահատում Ռուսաստանի դերը վերջին զարգացումների խնդրում: «ԻՌՆԱ» իրանական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում այս հարցին է անդրադարձել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Հայաստանին և Ռուսաստանին կապում են դաշնակցային փոխհարաբերությունները՝ փոխաջակցության և փոխադարձ պարտավորությունների լայն շրջանակներով:
Ռուսաստանը կարևոր դերակատարում ունեցավ Լեռնային Ղարաբաղի դեմ 44 օր տևած ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում, և ներկայումս ռուս խաղաղապահներն իրենց առաքելությունն են իրականացնում Լեռնային Ղարաբաղում՝ աջակցելով Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովմանը և բնականոն կյանքի վերականգնմանը: Ռուսաստանի միջնորդությամբ են ընթանում տարածաշրջանի լարվածության նվազեցմանը, հումանիտար խնդիրների լուծմանը և տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ուղղված աշխատանքները։ Ի դեպ, խոսելով ենթակառուցվածքների մասին՝ պետք է փաստել, որ ո՛չ որևէ փաստաթղթում, ո՛չ ենթակառուցվածքների բացման համատեքստում երբևէ խոսք չի գնացել և չի կարող գնալ Հայաստանի տարածքով որևէ միջանցքի տրամադրման մասին, և սա հստակ արձանագրվում է ոչ միայն հայկական, այլև միջնորդ կողմի՝ Ռուսաստանի կողմից։
Միևնույն ժամանակ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Ռուսաստանը միջնորդական առաքելությամբ ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման գործընթացում»,- նշել է նա:
--00--ԱԹ