ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24 News
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Հանդիպմանը ներկա է եղել նաև հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանը:
Շնորհավորելով հանձնաժողովի նախագահին նշանակման կապակցությամբ` դեսպան Սվենսոնը հույս է հայտնել, որ հանձնաժողովի աշխատանքները կարևոր ներդրում կդառնան հայ-շվեդական փոխգործակցության ընդլայնման գործում:
Հանդիպման սկզբում կողմերը բարձր են գնահատել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-շվեդական հարաբերությունների զարգացման կարևորությունը:
Անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացմանը և ընդլայնմանը: Քննարկել են միջկառավարական, միջխորհրդարանական շփումների ակտիվացմանն առնչվող հարցեր:
Պատգամավորները նշել են, որ օրենսդիր մարմինների համագործակցության համատեքստում առանցքային է բարեկամական խմբերի գործունեությունը:
Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ ԱԺ 8-րդ գումարման բարեկամական խմբերը գտնվում են ձևավորման փուլում, և շուտով կտրվի նաև աշխատանքների ընթացքը:
Պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը գոհունակություն է հայտնել դեսպանին նախորդ գումարման ընթացքում համատեղ աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև կարևորել է հետագա համագործակցությունը՝ արդեն հանձնաժողովի կազմում տարվող աշխատանքների շրջանակներում: Հիշեցնենք, որ պատգամավորը ղեկավարել է խորհրդարանական հայ-շվեդական բարեկամական խումբը:
Զրուցակիցները հաջորդիվ քննարկել են հայ-ադրբեջանական հակամարտությանը վերաբերող հարցեր:
Էդուարդ Աղաջանյանը ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ անդրադարձել է կողմերի միջև գերիների փոխանակման հարցին: Նշել է, որ Ադրբեջանը, հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին՝ ոտնահարելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:
Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, մի շարք միջազգային կառույցների և գործընկերների ջանքերը՝ ուղղված եռակողմ հայտարարության պայմանավորվածությունների իրականացմանը և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործընթացին:
Պատգամավորները նշել են Հայաստանում ժողովրդավարական գործընթացների կարևորությունը և այս տիրույթում Շվեդիայի կառավարության՝ Հայաստանին ցուցաբերած ֆինանսական աջակցությունը: Կարևորել են են ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագիրը՝ ուղղված Ազգային ժողովի դերի բարձրացմանը և աշխատանքների առավել արդյունավետ իրականացմանը:
Պատրիկ Սվենսոնը, շնորհակալություն հայտնելով հանդիպման և ջերմ ընդունելության համար, նշել է, որ Շվեդիան արժևորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև Հայաստանի և Շվեդիայի միջև բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդումն ու խորացումը:
Հանդիպման ավարտին զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկումներ ունենալ հնարավոր համագործակցության բովանդակության և փոխադարձ հետաքրքրությունների հստակեցման վերաբերյալ:
--00—ՄՀ