ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24 News
Հոկտեմբերի 29-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը:
Ողջունելով դեսպանին` Էդուարդ Աղաջանյանն ընդգծել է երկու երկրների ժողովուրդների բարեկամական հարաբերությունները, արժևորել Լեհաստանի խորհրդարանի հետ համագործակցությունը:
Խոսելով տարբեր ոլորտներում հայ-լեհական գործակցության զարգացման մասին` հանձնաժողովի նախագահը կարևորել է «Լեհական մշակույթի օրերի» անցկացումը Հայաստանում և դրա շրջանակում կազմակերպվող միջոցառումները:
Էդուարդ Աղաջանյանը համոզմունք է հայտնել, որ նման նախաձեռնությունները նպաստում են երկու երկրների ժողովուրդների միջև մշակութային կապերի ընդլայնմանը:
Քննարկվել է նաև հայկական մշակութային ժառանգությունը Լեհաստանում ներկայացնելու հնարավորության հարցը:
Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարևորել է Հայաստանի հետ փոխգործակցությունը նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձևաչափում:
Անդրադարձ է եղել հետպատերազմյան իրավիճակին: Էդուարդ Աղաջանյանը բարձր է գնահատել 44-օրյա պատերազմից հետո Լեհաստանի իշխանությունների աջակցությունն արցախցի դեռահասների երկշաբաթյա այցը Լեհաստան կազմակերպելու հարցում:
Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Լեհաստանի միջխորհրդարանական կապերի խորացումը` ընդգծելով փոխայցերի և բարեկամական խմբերի գործունեության աշխուժացումն այդ գործում:
ՀՀ ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի նորընտիր ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ իր արդյունավետ և բեղմնավոր գործունեությամբ կնպաստի երկկողմ համագործակցության ընդլայնմանը:
Պավել Չեպլակի խոսքով` համագործակցության բնագավառների ընդլայնման գործում իրենց ուրույն դերը կարող են ունենալ միջխորհրդարանական կապերը, բարեկամական խմբերի արդյունավետ շփումները:
--00—ՄՀ