ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 21-ին հանդիպել է Սլովենիայի Ազգային ժողովի նախագահ Իգոր Զորչիչի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, Ալեն Սիմոնյանը կարևորել է Սլովենիայի հետ բարեկամական հարաբերությունները, երկու երկրների օրենսդիր մարմինների արդյունավետ համագործակցությունը: Այս համատեքստում զրուցակիցներն ընդգծել են փոխգործակցության խորացման անհրաժեշտությունը, որին իր նպաստը կբերի նաև խորհրդարաններում ձևավորվելիք բարեկամական խմբերի սերտ համագործակցությունը:
«Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Սլովենիայի հավասարակշռված մոտեցումը ԼՂ հիմնահարցում, որով սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը և ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը:
ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել սլովենական կողմին Ղարաբաղյան պատերազմի ընթացքում բեկորային ծանր վիրավորում ստացած հայ զինվորներին մարդասիրական օգնություն տրամադրելու առաջարկի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են միջազգային կազմակերպությունների և եվրոպական կառույցների շրջանակներում համագործակցության հեռանկարները:
ՀՀ ԱԺ նախագահը Սլովենիայի խորհրդարանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:
--00--ԱՀ