Քասախում շարունակում են պահանջել ՔՊ-ական պաշտոնակատարի հեռացումը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

Հասարակական

Գործադուլը շարունակվում է, աշխատանքի կգնանք այն պահից, երբ մարզպետը որոշումը կչեղարկի։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարի տեղակալ Նարեկ Մկրտչյանը՝ անդրադառնալով համայնքապետարանի աշխատակազմի գործադուլին։

Նոյեմբերի 19-ից համայնքապետարանի աշխատակազմը գործադուլ էր սկսել այն պատճառով, որ մարզպետը համայնքապետի պաշտոնակատար էր նշանակել Նաիրի խոշորացված համայնքի ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում ընդգրկված Արտակ Թովմասյանին:

2021թ․ դեկտեմբերի 5-ին Կոտայքի մարզի Նաիրի խոշորացված համայնքում տեղի են ունենալու ավագանու ընտրություններ։ Համայնքն ընդգրկելու է նաև Քասախը։

«Չենք պատրաստվում օրենքի դրույթներ խախտած որոշմանն ընդառաջ գնալ և վերակացու ընդունել մեզ վրա։ Ըստ էության համայնքապետարանի աշխատանքը կատարում է ամբողջ աշխատակազմը, աշխատանքն արդեն 15 օր հավուր պատշաճի կատարվում է, և ինչո՞ւ որոշեցին մյուս 15 օրը (մինչև ընտրությունները) պետք է այլ մարդու գլխավորությամբ կատարվի։ Պլյուս, այդ մարդը քաղաքական դրդապատճառներից ելնելով է նշանակվել», - ասաց Մկրտչյանը։

Նոյեմբերի 8-ից համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը արձակուրդի մեջ է եղել և իր կարգադրությամբ պաշտոնակատար է նշանակել Նարեկ Մկրտչյանին։ Վերջինիս պնդմամբ՝ աշխատանքային օրենսգրքի սահմանում է, որ մինչև նա արձակուրդից չվերադառնա, նրա լիազորությունները չեն կարող դադարեցվել, եւ չի կարող այլ պաշտոնակատար նշանակվել: Արա Մկրտչյանի արձակուրդը ավարտվում է դեկտեմբերի 3-ին, նա նոյեմբերի 10-ից կալանավորված է։

«Եթե նա չի կարող առանց մեզ որևէ գործ անի, ինչո՞ւ եք նշանակում պաշտոնակատար։ ՔՊ-ն գալի՞ս, երկրի ներսում պոստե՞ր ա գրավում, իշխանությո՞ւն ա զավթում։ Համայնքի ղեկավարը կալանավորված է։ Գոնե էս 15 օրն էլ հանգիստ անցկացնենք, սպասարկենք ժողովրդին, ընտրություն կլինի ամսի 5-ին, ով ընտրվի, թող [ձևավորվելիք] համայնքի կենտրոն Եղվարդում բարով կառավարի։ Պրինցիպներով չի կարելի մոտենալ բնակչության շահերին։ Այսօր մարդիկ գործեր ունեն՝ զրոյական տեղեկանք է պետք, ժառանգության թուղթ է պետք և այլն, չեն կարողանում անել մարդիկ», - ընդգծեց համայնքի ղեկավարի տեղակալը։

--00--ԿԿ