Փաշինյանը չունի միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ ՀՀ գանգատներից հրաժարվելու լիազորություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

FF

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. «Այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրում» պետք է լինեին Ադրբեջանի իշխանության կողմից միջազգային ատյաններում ՀՀ գանգատների կատարման, այլ ոչ թե դրանցից հրաժարվելու հարցեր:


 ՀՀ կառավարության ղեկավարը չունի միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարվելու կամ այդպիսի որոշումների վրա ազդելու լիազորություն:

Նա այդ հայտարարություններն անում է ՔՊ ղեկավարի իր նեղ շահերի գերակայությամբ` ի չարը գործադրելով ՀՀ վարչապետի կարգավիճակը:

 
Կառավարության ներկայիս ղեկավարն ինքն է հայտարարել. «Արցախի ժողովուրդն ինձ իրեն որևէ տեղ ներկայացնելու մանդատ չի տվել» (օրինակ` 05.02.2019թ. հարցազրույց):

 
Առավել ևս, ՔՊ ղեկավարը չի կարող հարյուր հազարավոր մարդկանց զրկել իրենց համար ճակատագրական իրավունքներից:

Նա չունի նաև ՀՀ քաղաքացիներին և Հայոց սփյուռքին իրենց իրավունքների՝ պատմական նշանակության զանգվածային խախտումների համար պաշտպանության հնարավորությունից զրկելու իրավասություն:

Կառավարության ղեկավարը չունի հարյուր հազարավոր մարդկանց խախտված իրավունքներ վերականգնմանն ուղղված միջազգային դատական գործընթացները կանգնեցնելու իրավունք:

Բացի այն, որ կա իրավական արգելք, նման համազգային նշանակության հարցերի լուծմանը մասնակցությունը պահանջում է բարձր հանրային վստահություն կամ աջակցություն:

Ակնհայտ է, որ ՔՊ ղեկավարը չունի նման վստահություն կամ աջակցություն, հետևաբար` նա չունի նման իրավունք»:
 

--00—ՍՊ