ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
2011թ. մարտի 11-ին Արևելյան Ճապոնիայում տեղի ունեցած ցունամիի 14-րդ տարելիցի կապակցությամբ Սպիտակ քաղաքում կազմակերպվել է հիշատակի միջոցառում։ Հանդիսավոր արարողության ընթացքում ծաղիկներ են խոնարհվել Ճապոնիայի ահեղ ցունամիի, ինչպես նաև Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողներին։
Միջոցառմանը ներկա էին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը, տնօրենի տեղակալները, Լոռու մարզային փրկարարական վարչության ծառայողները, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Աոկի Յուտական, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) վրաստանյան գրասենյակի Հայաստանի պատվիրակ Սակոտադա Կոբուն, հայաստանյան ծրագրերի համակարգողը, Լոռու մարզպետի տեղակալը և մարզի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև Ճապոնիայի դեսպանատան աշխատակիցներ ու Սպիտակ համայնքի բնակիչներ։
Ելույթներով հանդես են եկել ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը, Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Մատինյանը և Լոռու մարզպետի տեղակալը: Նրանք անդրադարձել են հայ-ճապոնական երկարամյա համագործակցության կարևորությանը՝ ընդգծելով, որ Ճապոնիան մշտապես Հայաստանի կողքին է աղետների ռիսկերի նվազեցման և արձագանքման ծրագրերում, ինչը վառ ապացույցն է երկու երկրների միջև երկարամյա բարեկամական և սերտ համագործակցության շարունակականության։
Ճապոնիայի դեսպանն իր ելույթում, ցավակցություն հայտնելով ցունամիի զոհերի ընտանիքներին և տուժածներին, շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությանը, Սպիտակի բնակիչներին և հայ ժողովրդին՝ երկրաշարժից հետո ցուցաբերած աջակցության համար՝ ևս մեկ անգամ կարևորելով հայ-ճապոնական բարեկամական կապը։
Միջոցառմանը Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության անունից Ճապոնիայի դեսպան Աոկի Յուտական պատվոգիր է հանձնել Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Սերոբ Գաբրիելյանին՝ ի նշան նրա գործունեության՝ ուղղված Ճապոնիայի և Հայաստանի միջև փոխըմբռնման խթանմանը։
--00—ՍՊ