ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Թուրքիան հանդես է գալիս ոչ միայն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օգտին, այլև ողջ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության օգտին։ Անկարայի դիրքորոշումն այս հարցում չափազանց անկեղծ է, ասել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը՝ ելույթ ունենալով 2022 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներին։
Ըստ Օքթայի՝ թուրքական կողմը Երևանի հետ երկխոսությունը առաջ է մղելու չափազանց զգուշավոր և Ադրբեջանի հետ սերտ համագործակցությամբ։
Թուրքիայի փոխնախագահը հիշեցրել է, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ընթացքում իր գործողություններում հիմնվել է միջազգայնորեն ճանաչված ինքնապաշտպանության իրավունքի վրա։
«Մենք ակտիվորեն աջակցել ենք Ադրբեջանին նրա արդար պայքարում։ Ադրբեջանական հողերի 30-ամյա օկուպացիայի թեման փակվեց. նոր իրողությունները պարարտ հող են ստեղծել այս տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության համար»,- ասել է Օքթայը:
Քաղաքական գործիչը ուշադրություն է հրավիրել նաև 3 + 3 ձևաչափով տարածաշրջանային համագործակցության հարթակ ձևավորելու մասով Թուրքիայի և Ադրբեջանի խաղաղ նախաձեռնողականության վրա:
«Անկարայի դիրքորոշումը Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության և խաղաղության ապահովման հարցում կմնա անփոփոխ»,- վստահեցրել է նա, հաղորդում է Anadolu-ն:
--00—ԼՄ