ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24 News
Հայաստանի խորհրդարանը ստացել է նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումը: Այս մասին լրատվամիջոցներին ասել է խոսնակի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարականի մասին հայտարարությամբ է հանդես եկել։ Նախագահի հայտարարությունում մասնավորապես ասված է․
«Ես շատ երկար եմ մտածել և որոշել եմ մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից:
Այդ որոշումը բացարձակապես էմոցիոնալ չէ և բխում է որոշակի տրամաբանությունից:
Նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա:
Մեր պետության համար այս բարդ փուլում, երբ անհրաժեշտ է համազգային միասնություն, նախագահական ինստիտուտը չպետք է դառնա բամբասանքների ու դավադրության տեսությունների թիրախ՝ դրանով իսկ շեղելով հասարակության ուշադրությունը կարևորագույն խնդիրներից:
Այսօր, ինչպես երբեք, անհրաժեշտ են իմաստալից, խորը մտածված,կշռադատված և բովանդակալից գործողություններ: Այլապես մենք՝ ողջ աշխարհի հայությունը, չենք հասնի մեր առաքելության նպատակին և կհայտնվենք պատմության լուսանցքում:
Մենք այլևս սխալվելու իրավունք չունենք:
Արմեն Սարգսյան»
--00—ՄՀ